Հայ երգարվեստի ներկայացուցիչները կոչ են անում փրկել նեյրոլեյկոզով տառապող վեցամյա Նարեկին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 18, 2012 17:25

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սիմֆոնիաներից մեկի հիման վրա հայ երգարվեստի ներկայացուցիչների կողմից ստեղծված «Դու հաստատ կապրես» բարեգործական երգը կոչ է ուղղված նեյրոլեյկոզով տառապող 6-ամյա Նարեկ Մարտիրոսյանի ապաքինմանը: Երգի ստեղծման նախաձեռնության հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյանը նշել է, որ Նարեկի երազանքն է դառնալ ֆուտբոլիստ եւ խաղալ Հայաստանի ազգային հավաքականի եւ Իսպանական «Ռեալ Մադրիդ» ակումբի կազմերում:

«Այս պատմության մասին տեղեկացա երգչուհի Էլիզաբեթ Ադիկյանից: Շատ հուզիչ պատմություն էր, մտածեցինք, թե ինչպես այն կարելի է գեղեցիկ մատուցել` ազդելով մարդկանց հուզական դաշտի վրա և որոշեցինք երգ գրել»,- պատմեց Հովհաննիսյանը: Նա նշեց, որ երգի ստեղծմանը աջակցել են գործիքավորող ԴերՀովան, երգչուհի Էլիզաբեթ Ադիկյանն ու նրանց ընկերները, խոսքերի հեղինակը մասնագիտությամբ լրագրող Տարոն Կոխլիկյանն է:

«Սա վարակիչ բարության նման մի բան էր, երբ յուրաքանչյուրն առանց երկար-բարակ մտածելու պատրաստակամորեն օգնեց երգի կայացմանը»,- ասաց գաղափարի հեղինակը` հույս հայտնելով, որ այն կնպաստի Նարեկի շուտափույթ ապաքինման համար անհրաժեշտ միջոցների հավաքագրմանը:

Հռիփսիմեն նաեւ հավելեց, որ առողջանալուն պես Նարեկն անցնելու է ակտիվ պարապունքների` երազանքին հասնելու համար: Հայաստանի պայմաններում փոքրիկի կյանքը փրկելու համար հայ բժիշկներն անում են ամեն հնարավորը, սակայն վերջնական ապաքինման համար անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում, որը կատարվում է միայն արտասահմանում:

Երգի ստեղծմանն աջակցել են երգչուհի Նադեժդա Սարգսյանը, ջութակահարուհի Մերի Ջուլֆայանը, դաշնակահարուհի Անահիտ Մարկոսյանը եւ «Ժպիտ» ակումբը: «Դու հաստատ կապրես»-ը Նարեկի ապաքինմանը միանալու յուրօրինակ կոչ է: Նարեկին օգնել ցանկացողները կարող են դիմել ՎՏԲ Հայաստան բանկ, որտեղ բացված են հաշվեհամարներ:

«Արմենպրես»

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply