Եզդիները ահազանգում են, որ քրդերը սպառնում են Հայաստանի ազգային անվտանգությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 18, 2012 15:25

Հայաստանում գրանցված 60 հազար եզդիներից եւ ոչ ոք իրեն չի ճանաչում որպես քուրդ: Գրանցված 1500 քրդերը , որոնց մի մասը եզդիներ են, փորձ են անում քրդացնել եզդիական համայնքը:Այս մասին այսօր օգոստոսի 18-ին հրավիրված ասուլիսին ասել է «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Թամոյանը:

Նրա խոսքով, եզդիները եւ քրդերը տարբեր ազգեր են: Նրա փոխանցմամբ, եզդիները ընդունում են միաստվածություն եւ աստծուն կոչում են Խոդեր: Բացի այդ ընդունում են նաեւ սուրբ երրդության գաղափարը: Այսինքն` եզդիները մուսուլմաններ չեն, ի տարբերություն քրդերի:  «Քուրդ, ինչպես գիտեք, նշանակում է քոչվոր: Այսինքն` քոչվորական ժողովուրդ են: Նրանք դարերի ընթացքում չեն կարողացել ձեւավորել հստակ մշակված արժեհամակարգ, ավանդույթներ, հետեւաբար փորձում են եզդիների դարավոր պատմությունը, մշակույթը յուրացնել»,- ասել է «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա» ՀԿ նախագահ Սայիդ Ավդալյանը: Վերջինս նաեւ նշել է, որ եզդիական համայնքի քրդականացումը վտանգ է սպառնում նաեւ Հայաստանի ազգային անվտանգությանը:

«Այստեղ չի կարելի մոռանալ այն փաստը, որ քրդերը եւ ոչ միայն քրդերը, այլեւ ԱՄՆ-ի, Իսրայելի քուրդիստանի ղեկավարության կողմից հրատարակության աշխատություններում եւ քարտեզներում ներկայացնում են, որ Արմավիրը, Արագածոտնը եւ Երեւանը գտնվում են երեւակայական Քուրդիստան պետության տարածքում: Բացի այդ, ԼՂ-ի եւ Հայաստանի միջեւ ընկած ազատագրված տարածքներն էլ են ուզում, ինչպես նաեւ Նախիջեւանը»,- ահազանգել է Սայիդ Ավդալյանը: Իսկ որպես քրդերի դեմ պայքարի սկիզբ բանախոսները նշել են, որ դիմել են ՀՀ բարձրագույն իշխանություններին` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որ որոշակիորեն ճանաչեն եզդիների ցեղասպանությունը Իրաքում, սակայն դեռեւս պատասխան չեն ստացել: Նրանք նաեւ փոխանցեցին, որ Իրաքում սահմանադրությունը եզդիներին չի ճանաչում որպես ազգություն: «Պարզ օրինակ բերեմ, երբ իրաքյան Քուրդիստանում տղամարդը փախցնի մուսուլման կնոջը, ով ամուսնացած է, իրեն 20 տարի ազատազրկում են, իսկ եթե գողանա եզդի կնոջը նրան նույնիսկ ոստիկանություն չեն կանչում»,- ավելացրել է Սայիդ Ավդալյանը:

NEWS.am

Դիտվել է 2508 անգամ:
Print Friendly

Leave a Reply