Մեծ կասկած. Կվավերացնի՞ արդյոք Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 3, 2010 6:34

Ալեքսանդր Իսկանդարյան.«Թուրքիան մոնոլիտ պետություն չի»

Ի տարբերություն տարածված կարծիքի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը այլևս կանգնեցված է, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ այն դեռևս շարունակություն կունենա:

Միաժամանակ նա կարծում է, որ գործընթացի ճակատագիրն այս պահին որոշվում է ոչ թե Հայաստանում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, այլ հենց Թուրքիայում` կոնկրետ Անկարայում:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այսօր Թուրքիայի համար դարձել է ներքին քաղաքականության հարց,- ասում է Իսկանդարյանը,-Հայկական կողմն, անշուշտ ուզում է, որ Թուրքիան վերջապես կողմոնորոշվի իր անելիքների հարցում և հստակեցնի իր դիրքորոշումը. ուզու՞մ է վավերացնել արձանագրությունները, թե ոչ»:
Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն ասում է, որ ֆուտբոլային քաղաքականության տերմիններով` հիմա հայ-թուրքական հարաբերություններում ընդմիջում է:

Դեմոյանն ասում է, որ թուրքական կողմը հիմա հիասթափությունների փուլում է, քանի որ հասկացել է` Հայաստանի վրա ճնշումներ գործադրելով հնարավոր չէ հասնել զիջումների Ղարաբաղի հարցում: «Թուրքիայում հույս ունեին նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կխարխլի Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, -ասում է Դեմոյանը,- ինչը նույնպես չիրականացավ»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասում է, որ Ղարաբաղյան հարցում որևէ զարգացումներ այս պահին չեն սպասվում: «Պրակտիկան ցույց է տալիս Ղարաբաղի տիպի կոնֆլիկտները լուծվում են միայն այն պարագայում, երբ կողմերից մեկը գնում է միակողմանի զիջման,- «Անկախին» ասաց Բոզոյանը,- Ըստ էության, Հայաստանը միակողմանի զիջման ռեսուրս չունի, իսկ Արդբեջանն էլ ունի բավական կարծր դիրքորոշում և պատրաստ չի գնալ զիջումների: Լուրջ խոսել խնդրի մոտալուտ լուծման մասին դժվար է: Սակայն կան ճնշումներ, որոնք ուժեղացել են տխրահռչակ ֆուտբոլային քաղաքականության հետևանքով: Բարեբախտաբար մոսկովյան հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի ու վարչապետի դիրքորոշումները ուղղակի ցույց տվեցին, որ ՌԴ ն պահպանում է իր ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ և չի գնում ճնշումների գործադրմանը, ինչն ակնկալում էր Թուրքիան»:

Հարաբերական դադարի այս ֆոնին` թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով` ներքին սպառման համար, Թուրքիայի կառավարությունը Ազգային Մեջլիս ուղարկեց օրենքի մի նախագիծ` արձանագրությունների վավերացումը նպատակահարմար գտնելու մասին:

Ռուբեն Մելքոնյան. «Օրենքի նախագիծը Թուրքիայի կառավարության կայքէջում մնացել է 1-2 օր, որից հետո այն հանվել է»

Մելքոնյանն ասում է, որ օրենքի նախագիծը Թուրքիայի կառավարության կայքէջում դրված է եղել 1-2 օր, որից հետո այն հանվել է:

«Այդ օրենքի նախագծում, մասնավորապես գրված է, որ ուժի մեջ է Կարսի պայմանագիրը, մինչդեռ արձանագրություններում Կարսի պայմանագրի մասին ոչ մի խոսք չկա,- ասում է Մելքոնյանը,- ու ընդհանրապես այդ փաստաթուղթում առկա են հայկական կողմին վերաբերյալ բոլոր նախապայմանները` սկսած Կարսի պայմանագրից մինչև Արցախյան հարցի մասով փոխզիջումներ անելը»:

Մելքոնյանն ասում է, որ այս փաստի մասին հայկական լրատվական դաշտում ոչ մի տեղեկատվություն չկա, և հայկական դիվանագիտական կողմը թուրքերի իրավական այս օպերացիան պետք է օգտագործի իր զինանոցում. «Որովհետև Էրդողանը` ստորագրելով այդ փաստաթղթի տակ, ամենուրեք հայտարարություններ է անում, որ արձանագրություններն առանց փոփոխելու ուղարկվել է Ազգային Մեջլիս և մեղադրում է հայկական կողմին, որ արձանագրությունների տեքստը փոխում է և այն վավերացնելու համար ուղարկեց Սահմանադրական դատարան: Էրդողանի այս հայտարարությունները բացահայտ դեմագոգիա են»:

2010թ. հունվարի 12-ին կայացած Սահմանադրական դատարանի նիստում որոշում ընդունվեց, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Իսկ Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը այս տարվա հունվարին հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրություններնը հանձնաժողովի օրակարգ բերելն այս պահին օգտակար չի կարող լինել:

Իսկանդարյանն ասում է, որ հայ հասարակությունում Թուրքիան ընկալվում է որպես մոնոլիտ պետություն, որտեղ որևէ հարցում, մասնավորապես արձանագրությունների վավերացման, կա որոշակի միակողմանի մոտեցում: «Սակայն դա այդպես չէ,- ասում է նա,- Թուրքիայում ԱԳ նախարարը կարող է ունենալ դիրքորոշում, որը չի համընկնում ասենք վարչապետի կարծիքի հետ: Կոնկրետ գործընթացի պահով, իմ կարծիքով, Դավութօղլուն կողմ է արձանագրությունների վավերացմանը, իսկ վարչապետ Էրդողանն ուզում է այդ ֆոնի վրա` ներքին քաղաքական դաշտում` իր օգտին որոշակի կոզիրներ հավաքել»:

Սակայն թուրքագետ Մելքոնյանը կարծում է, որ Էրդողան-Գյուլ-Դավութօղլու եռյակն, իրականում, միասնական և համաձայնեցված քաղաքականություն է իրականացնում: «Ավելին, երբ Թուրքիայի ազգային շահը պահանջում է, թե ընդդիմությունը, և թե իշխանությունը հայտնում են նույն դիրքորոշումը,- ասում է Մելքոնյանը,- այդպես եղավ, օրինակ 2005թ., երբ Էրդողանը նամակ գրեց Քոչարյանին` առաջարկով ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որտեղ կքննարկվի Ցեղասպանությանը վերաբերող հարցեր: Ու երբ Քոչարյանը առաջարկեց ստեղծել այլ` Միջկառավարական հանձնաժողով, թուրքական կողմը միասնաբար մերժեց այդ առաջարկը»:

Հայկ Դեմոյան. «Թուրքիան հերթական անգամ կփորձի բարի երևալ. ապրիլի 24-ին էլ որևէ շոու կկազմակերպի»:

Դեմոյանն ասում է, որ Թուրքիայի անմիջական շահերից է բխում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը, քանի որ «այդպիսով նա կկարողանա հակազդել առաջիկա 15-20 տարիներին ի հայտ եկող ներքաղաքական խնդիրներին: Հարևանների հետ զրո խնդիրներ քաղաքականությունն էլ հենց կոչված է մեղմելու ապագա մարտահրավերները»:

Դեմոյանի խոսքով` Թուրքիան նաև ձգտում է լուծել Հայոց ցեղասպանության հարցը, քանի որ այն քայքայիչ ազդեցություն ունի թուրքական պետականության վրա. «Թուրքիայում ինքնության ճգնաժամ է, սկսել են վերանայել քեմալիզմի դրույթները, որոնք թուրքական պետության և ազգի գոյության հիմքն են»:

Ի՞նչ դեր ունի արտաքին ֆակտորի ազդեցությունը Թուրքիայում որոշում ընդունելու վրա: Իսկանդարյանն ասում է, որ արտաքին ֆակտորը գոյություն ունի և Թուրքիայի վրա ճնշում են գործադրում բոլոր կողմերից. «ԱՄՆ ուղղակի դիվանագիտորեն է ազդում Թուրքիայի վրա, Ռուսաստանը ևս կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Եվրոպան մի փոքր ավելի փափուկ է ազդում և եթե հաշվի առնենք ԵՄ մուտք գործելու Թուրքիայի նկրտումները, ապա սա ևս ճնշում է: Սակայն հնարավոր է, որ թուրքական դիվանագիտությունը կայացնի մի որոշում, որը չի համընկնում միջազգային գերտերությունների կարծիքի հետ»:

Դեկտեմբերի սկզբին Թուրքիայի վարչապետը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում բացահայտ նշեց, որ հայ թուրքական հարաբերությունները շաղկապված են ԼՂ խնդրի հետ, որին ԱՄՆ նախագահ Օբաման որևէ գնահատական չտվեց: Իսկ Մոսկվան ակնհայտ ցույց տվեց, որ խնդիրները միանգամայն տարբեր են` դրանով իսկ ուժեղացնելով հայկական կողմի դիրքերը:

Դեմոյանն ասում է, որ գործընթացում որոշակի աշխուժացումներ սպասվում են ապրիլին: «Թուրքիան հերթական անգամ կփորձի բարի երևալ. ապրիլի 24-ին էլ որևէ շոու կկազմակերպի»,- ասում է նա:

Թուրքագետ Մելքոնյանը ևս չի բացառում Ցեղասպանության օրվա նախօրեին թուրքական դիվանագիտությունից որևէ քայլ. «Հնարավոր է, որ մի 10 օր առաջ Ազգային Մեջլիսի Արտաքին կապերի հանձնաժողովը որոշի ինչ-որ քննարկումներ կազմակերպել կամ արձանագրությունները բերվեն խորհրդարան»:

Նա կարծում է, որ ներկա իրավիճակում Թուրքիան արձանագրությունները չի վավերացնի. «Հենվելով ներկա զարգացումների վերլուծության, ինչպես նաև թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կատարած կոշտ հայտարարությունների վրա` ես կարծում եմ, որ մինչև ապրիլի 24-ը արձանագրությունները չեն վավերացվի»:

Դիտվել է 1686 անգամ:
Print Friendly

Leave a Reply