ՀԽ քննարկում է Հայաստանում ինտերնետի գնի և որակի համապատասխանությունը

Օրվա լուր | | February 3, 2010 1:59

Ինտերնետի գները և մատուցվող ծառայությունների որակն էին քննարկվում երեկ Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և Հայաստանում ինտերնետ պրովայդեր կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

«Երկար ժամանակ քննարկման առարկա էր միայն ինտերնետի գինը, սակայն այսօր առաջին պլան է մղվում նաև որակի հարցը»,-ասաց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը` հավելելով, որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում նախագահի հետ և պետք է մինչ այդ պատրաստել առաջարկությունների փաթեթ:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասաց, որ առաջնային է Հայաստանում ապահովել ինտերնետի հասանելիությունը` նշելով, որ տարածքային առումով ինտերնետ հասանելիությունը հիմա 30 տոկոսից քիչ ավել է. «Հայաստանի ցանկացած բնակիչ, որ ուզում է ինտերնետ ունենալ, պետք է ունենա»:

Քննարկման մասնակիցները նշեցին, որ ըստ Դավոսի տնտեսական ֆորումի տվյալների` Հայաստանում ինտերնետը հասանելի է ընտանիքների 6 տոկոսին, մինչդեռ զարգացած երկրներում այդ ցուցանիշը առնվազն 30 տոկոս է կազմում: Քննարկվեց նաև գին-որակ հարաբերակցության խնդիրը` նշելով, որ գնի իջեցումը չպետք է ազդի որակի վրա, ինչը դիտվում է ներկայումս:

USID-ի «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի տեղեկատվական տեխնոլոգիաների կլաստերի կոորդինատոր Արմեն Աբրահամյանն ասաց,  որ կա ծառայությունների մատուցման որակի խնդիր: «Պրովայդերները չունեն որակյալ աշխատողներ, որ խնդիր առաջ գալու դեպքում աջակցություն ցույց տան: Պետությունը պետք է սահմանի, որ ինտերնետ ծառայություն մատուցողներն ունենան սպասարկման կենտրոն»: Աբրահամյանի խոսքերով` անհրաժեշտ է, որ պետական մակարդակով ստեղծվի 2 լիազոր մարմին` որոնք կվերահսկեն կապի որակը, գինը, դրանց համապատասխանությունը  միմյանց:

Քննարման մասնակիցները համաձայնության եկան, որ պետք է սպառողին ազատություն տալ ընտրելու, թե ինչ որակի և ինչ գնի կապ է ուզում  ունենալ:

«Արմինկո» ընկերության գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսնյանն էլ նշեց, որ ինտերնետի վատ որակը պայմանավորված է մի շարքք գործոններով` նախ Հայաստանում գործող 3 պրովայդերներն էլ /Արմենտել, Ֆայբերնեթ քոմյունիքեյշնզ և GNC-Alfa/ կապը ստանում են նույն «խողովակից», հետևաբար բոլորի մոտ կապն ունի նույն որակը, բացի այդ, ներքին դաշտում մանրածախ կազմակերպությունները մրցակցելիս խոչընդոտում են միմյանց:

Դիտվել է 1582 անգամ:
Print Friendly

Leave a Reply