Լիբանանահայերը նվաճել են Արարատի գագաթը և ծածանել հայկական եռագույնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 17, 2012 12:06

Լիբանանահայերից կազմված «Հայ թիմ» լեռնագնացների խումբն օգոստոսի 8-ին բարձրացել է Արարատի գագաթ` նվաճելով 5165 մ բարձրությունը եւ հայկական եռագույնը ծածանել բիբլիական լեռան գագաթին: Լիբանանահայերի` պատմական հայրենիքում կատարած ուղեւորության եւ ճերմակափառ Մասիսի գագաթը նվաճելու մասին «Արմենպրես»-ը զրուցել է խմբի անդամ, բեյրութահայ Էլիզաբեթ Գասպարյանի հետ: Մասնագիտությամբ ոսկերչական դիզայներ Էլիզաբեթը, ով Լիբանանում նաեւ զբաղվում է սիրողական լեռնագնացությամբ, նշել է, որ վաղուց էր փափագում լինել պապերի երկրում եւ հատկապես բարձրանալ Արարատ լեռը, ինչը եղել է իրենց ընտանիքի երազանքը:

25-55 տարեկան յոթ հոգուց բաղկացած խմբում եղել են նաեւ երկու արաբներ, որոնցից մեկը` Խալեդ Աբպու Ալտահաբը, պրոֆեսիոնալ լեռնագնաց է: Դեպի Մասիս արշավը մեկնարկել է օգոստոսի 5-ին, երբ արշավականները բարձրացել են 3300 մետր: Հաջորդ օրը նրանց հաջողվել է մագլցել 4100 մետր բարձրություն: Եղանակային պայմաններն անբարենպաստ էին. սառնամանիքը ստիպել է լեռնագնացներին վերադառնալ առաջին բանակավայր, որպեսզի փոքր-ինչ վարժվեն ցուրտ եղանակին: Օգոստոսի 7-ին բարձրանալով մինչև 4300 մետր եւ վրանում մի փոքր դադար առնելով` խումբն օգոստոսի 8-ին գիշերվա ժամը 2-ին հասել է գագաթ: Առաջին հասնողների թվում էր Էլիզաբեթ Գասպարյանը, ով մեզ պատմեց, որ գագաթին ջերմաստիճանն այդ օրը եղել է -25 աստիճան ցուրտ, իսկ քամու արագությունը` 70 կմ ժամ:
«Գագաթ հասնելուն պես մոտ 20 րոպե լաց եմ եղել` աչքերս հառած իմ պապերի, բայց թուրքերի կողմից բռնագրաված մեր երկրին: Արեւելյան Հայաստանը չկարողացանք գագաթից տեսնել, քանի որ մշուշ էր, իսկ Փոքր Մասիսը շատ հստակ էր, շատ գեղեցիկ էր ուրվագծվում վերեւից: Մի հետաքրքիր իրողություն էլ կա. Աստված պատժել է թուրքերին, Փոքր Մասիսը նրանց կողմից չի երեւում մինչեւ չբարձրանան 4 հազար մետր բարձրությունը»,- ասում է Էլիզաբեթը:
Վայրէջքը եղել է գագաթին հասնելուց 20 րոպե հետո, լեռնագնացները ստիպված են եղել 16 ժամ դիմանալ սառնամանիքին եւ ուժեղ քամուն: Լիբանանահայերին ուղեկցող քուրդ Սաֆետ Աքուշը արշավի մասնակիցներին պատմել է, որ այդ օրերին եղանակն առավել վատ էր քան երբեւէ, անգամ լեռան գագաթը բարձրանալ ցանկացող 500 այլ լեռնագնացներ այդ օրերին հրաժարվել են իրենց մտադրությունից անբարենպաստ եղանակի պատճառով:
«Հայ թիմ»-ի հաղթական նվաճումից հետո խումբը շարունակել է այցելությունը Արեւմտյան Հայաստանի պատմական տարբեր բնակավայրեր: Վայրէջքից անմիջապես հետո խումբը հանգստացել է Բայազետի «Քաբլճա» վայրում, որը հայտնի է իր հանքային ջրերով և որտեղ տարվա բոլոր եղանակներին ջրի ջերմաստիճանը 100 աստիճան է: Արշավականները այցելել են նաեւ Անիի ավերակները, Կարսի` մզկիթի վերածված եւ ավերակ դարձած եկեղեցիները:

Ուղեւորությունը շարունակվել է դեպի Վան: Այստեղ նրանք այցելել են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի: Այցելած բոլոր բնակավայրերում լիբանանահայերը հնչեցրել են հայկական ազգային, ազատագրական երգեր:
Էլիզաբեթը պատմում է, որ Անիում թուրք ուղեկցողի հետ վիճաբանել է, քանի որ վերջինս սխալ տեղեկություններ էր հաղորդում Անիի, եւ առհասարակ հայկական պատմական հողերի իրական տերերի մասին: Թուրքը պատմել է, թե իբր Անիի իրական տերերը պարսիկները, վրացիները, ռուսներն ու այլազգիներ են, որոնց իբր կոտորել են հայերը: Իսկ Անիի փլուզումը թուրք «հեքիաթասացը» վերագրել է երկրաշարժերին եւ այդ տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազաներում հնարավոր պայթյուններին: Էլիզաբեթը թուրքին ներկայացրել է իրական պատմությունը այդ տարածքների իրական տերերի, հայերի կոտորածների հեղինակների ու հայկական հողերի բռնազավթողների մասին:
«Հայ թիմ»-ը Լիբանան է վերադարձել օգոստոսի 12-ին, որտեղ արժանացել են շատ ջերմ ընդունելության:
Արշավականների խմբում են եղել նաեւ սիրողական լեռնագնացներ Հակոբ Ժակ Պերպերյանը, Թալին Թըրթըրյանը, Սարին Ճղլյանը եւ արաբ Օմա Փալուզը:

«Արմենպրես»

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply