Մրցավարը՝ խաղադաշտից դուրս
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | February 2, 2010 3:28
Ոչ միայն Հայաստանի ֆուտբոլային թիմերի խաղացողները, այլեւ մրցավարները նախապատրաստվում են նոր մրցաշրջանին:
Մրցավարները ներկայումս Երեւանում ուսումնամարզական հավաք են անցկացնում, տեսական եւ գործնական պարապմունքներ: Նրանց մեջ չէ Կարեն Նալբանդյանը: Բանն այն է, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի սահմանած կարգով 45 տարեկանից բարձր մրցավարներին իրավունք չի վերպահվում միջազգային հանդիպումներ սպասարկել, իսկ նա արդեն հատել է տարիքային այդ սահմանագիծը:
2009-ին Հայաստանի «Պատվավոր մրցավար» կոչմանն արժանացած Նալբանդյանին «Անկախը» շնորհավորեց և մի քանի հարց ուղղեց:
-Փաստորեն վերջին մրցաշրջանն անցկացրիք: Ամեն բան հաջո՞ղ էր:
– Կարելի է ասել` այո: Կարեւորն այն է, որ գլուխս բարձր պահած ավարտեցի երկարատեւ մրցավարական գործունեությունս: Եկել է ժամանակը տեղը զիջելու երիտասարդներին: Հուսով եմ, որ արժանի փոխարինողներ կգտնվեն: Իսկ արդյունքի հասնելու համար, ինչպես ամենուր, այս բնագավառում էլ պետք է շատ աշխատել, ձգտել միշտ լավ մարզավիճակում լինել:
– Ֆուտբոլի Հայաստանի նախորդ առաջնությունում ձեր համար ծանր խաղեր եղա՞ն:
– Մրցավարի համար խաղերը ծանր կամ թեթեւ անվանելը հարաբերական է: Բանն այն է, որ մրցավարը կարող է ամենաթեթեւ խաղը դարձնել շատ բարդ, եւ հակառակը` ամենածանր խաղը`հեշտորեն անցկացնել: Այն կարծիքին եմ, որ անկախ ամեն բանից, ֆուտբոլի Հայաստանի նախորդ առաջնության բոլոր խաղերն էլ պարտավորեցրել են մրցավարներին լարվածություն, բարձր պատրաստականություն դրսեւորել: Ընդհանրապես, մեր ազգային առաջնության հանդիպումներին բոլոր մրցավարներն անհրաժեշտ է, որ ամենայն պատասխանատվությումբ վերաբերվեն:
– Այնուամենայնիվ, եղե՞լ են դեպքեր, երբ կոպիտ սխալներ եք թույլ տվել:
– Անսխալ մրցավարություն լինել չի կարող: Այսուհանդերձ, այդ առումով էլ մրցաշրջանն ինձ համար նորմալ է եղել: Եթե մրցաշրջանի վերջին իմ աշխատանքը բարձր գնահատականի է արժանացել, ուրեմն նշանակում է, որ իմ կողմից թույլ տրված սխալների քանակն այնքան էլ մեծ չի եղել:
– Հետաքրքիր է, հիմա ամբողջովին հեռանալո՞ւ եք ֆուտբոլից:
– Անցնելու եմ տեսչական աշխատանքի: Եվ, ամենայն հավանականությամբ, այդպիսի պարտականություն կկատարեմ ոչ միայն հայկական, այլեւ եվրոպական ֆուտբոլում: Զբաղվելու եմ ֆուտզալի մրցավարությամբ: Երիտասարդ մրցավարների պատրաստման գործընթացին եմ մասնակցելու: Ինքս կփորձեմ դրսեւորել ինձ նաեւ խաղադաշտից դուրս:
– Վստա՞հ եք, որ անմիջապես ակտիվ գործունեություն կհաջողվի ծավալել միջազգային ասպարեզում:
– Երբ մրցավարների տեսուչ աշխատեմ, կառաջարկվի, որ ինձ ընդգրկեն ՈՒԵՖԱ-ի տեսուչների ցուցակում: Եթե ամեն բան նորմալ ընթանա, հաջորդ մրցաշրջանից արդեն նոր դերում կհայտնվեմ:






Facebook
Tweet This
Email This Post
