«Լրագրական պատերազմը» շարունակվում է. «լրագրության դասեր» Պետրոս Ղազարյանից Արմինե Օհանյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 17, 2012 9:36

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի մեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է. «Իմ մի քանի լրագրողների հավաստի աղբյուրների համաձայն՝ մահացել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Ըստ նույն աղբյուրների` մահվան պատճառը լրագրողական էթիկայի և մասնագիտական խղճի հանկարծահաս և անսպասելի բռնկումն է եղել:Նույն աղբյուրների համաձայն սույն տիկինը շուտով հանդես կգա հերքման տեքստով` հաշվի առնելով մեր հասարակության մեջ տեսական մեռելների նկատմամբ մեծ սերը»:

Ի պատասխան Tert.am-ի հարցի, թե ինչու է նման բան գրել, Պետրոս Ղազարյանը ասաց. «Եթե որևէ լրատվամիջոց որևէ մեկի մահվան մասին նման ինֆորմացիա է գրում, նա պետք է առնվազն երկու տեղից ստույգ ճշտած լինի այդ ինֆորմացիան, ինչը մենք չենք տեսել: Հետևաբար, մարդու մահվան մասին գրելը ոչ միայն լրագրողական էթիկայի նորմերի, այլև մարդկային նորմերի խախտում է: Հիմա, եթե Դուք ասում եք՝ որտեղից գիտենք, որ ինքը մահացել է, ուրեմն՝ մեզ էլ Վանո Սիրադեղյանին մոտ կանգնած աղբյուրն է ասել»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Հրապարակը» տպագրել էր այս մասին Վանո Սիրադեղյանի ընկերներից մեկի հայտնածը, սակայն նույն նյութում մեջբերել էր նաև Վանո Սիրադեղյանի կնոջ՝ Ռուզան Տոնոյանի հերքումը:

Ի պատասխան հարցի, թե ֆեյսբուքյան այս գրառումը կարելի՞ է դիտարկել իբրև Արմինե Օհանյանին «դաս», նշեց, որ ինքը չի ցանկանում դառնալ որևէ մեկի «դասատուն» , բայցև նշեց, որ, թերևս, «դասը չէր խանգարի»:
Արմինե Օհանյանն ինքը որևէ կերպ չցանկացավ Պետրոս Ղազարյանի «դասի» վերաբերյալ հանդես գալ մեկնաբանությունով:
Թերթ.am

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply