Կրկին խորտակված անուրջներ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 2, 2010 3:19

Այն կարծիքն է տարածված, որ հայերը շախմատ այնպես լավ են խաղում, ինչպես բրազիլացիները` ֆուտբոլ: Բայց տարեվերջին եւ տարեսկզբին կայացած շախմատի խոշորամասշտաբ մրցաշարերում մերոնք խայտառակվեցին:

Թվում էր, թե Հայաստանի երկու ներկայացուցիչները երկիրը պարզերես կանեն դեկտեմբերին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացված իմաստուն խաղի աշխարհի գավաթի խաղարկությունում, սակայն Տիգրան Պետրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը «թռան» առաջին իսկ մրցամարտերն անցկացնելուց հետո: Այդուհանդերձ, նրանք տխրելու առիթ չունեին, քանի որ այնուամենայնիվ 6 հազարական դոլար էին վաստակել: Այս մրցումների կարգն է այդպիսին:

Երկու գրոսմայստերն էլ տարեվերջին «Օջախ» ռեստորանում աչքի ընկած Հայաստանի մարզիկների եւ նրանց մարզիչների պարգեւատրման արարողության ժամանակ ամենեւին էլ իրենց վատ չէին զգում, որ անհաջող են խաղացել: Նրանք լավ քեֆ արեցին, մի լավ պարեցին, իսկ մի քանի օր հետո Հայաստանի հավաքականի կազմում մեկնեցին Թուրքիայի Բուրսա քաղաքը, չկասկածելով, որ ամանորի տոներից հետո էլ իրենց նոր անախորժություն է սպասվում շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում:

Պետրոսյանը վերջին շրջանում տարբեր տեսակի հեռուստախաղերի է հաճուքով մասնակցում` «Ֆորտ Բոյար», մաֆիա, կամ ինչպես Արմենիայով է կոչվում` «Կարմիր եւ սեւ»: Լավ է խաղում նա, թե ոչ, դա չէ էականը, ցավալին այն է, որ կարծես շախմատը նրա համար արդեն աստիճանաբար երկրորդական պլան է մղվում: Բուրսայում Պետրոսյանը մեր թիմի կազմում ամենացածր արդյունքն ունեցավ: Մասնակցելով 6 հանդիպման, նա վերջին` 4-րդ խաղատախտակի առջեւ նստած ընդամենը 2 միավոր վաստակեց` 4 ոչ-ոքի եւ 2 պարտություն: Սարգսյանն էլ նույնքան խաղ անցկացրեց (3-րդ խաղատախտակ), սակայն մեկ միավոր ավելի բերեց մեր թիմին` 1-ական հաղթանակ եւ պարտություն, 4 ոչ-ոքի:
Իսկ Հայաստանի հավաքականի խաղացողների արդյունքներն այսպիսին են. Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան` երկուսն էլ` 9 հնարավորից` 6 միավոր, Արման Փաշիկյան` 6 հնարավորից` 3,5 միավոր: Տիգրան Քոթանջյանն ընդհանրապես ոչ մի հանդիպման չի մասնակցել, ով հայտնվել էր Հայաստանի հավաքականի կազմում, քանի որ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԵ) անսպասելիորեն որոշում էր կայացրել մեկ խաղացողով ավելացնել շախմատի աշխարհի առաջնության թիմերի կազմերը: Այդ պատիվը վստահվել էր Քոթանջյանին, քանի որ նա շախմատի Հայաստանի տղամարդկանց 2009-ի առաջնությունում Փաշիկյանի հետ միասին բաժանել էր 1-2-րդ տեղերը եւ միայն լրացուցիչ գործակցով էր մրցակցին զիջել չեմպիոնի կոչումը:

Մեր ընտրանին 10 երկրների հավաքականների պայքարում հանգրվանեց 5-րդ տեղում (12 միավոր), իրենցից առաջ թողնելով Ռուսաստանի (15), ԱՄՆ-ի (13), Հնդկաստանի (13), Ադրբեջանի (12) հավաքականներին: Ցավալի էր, որ մերոնք մեկնարկային խաղում պարտվեցին ադրբեջանցիներին (1,5:2,5): Իսկ առավել անսպասելի էր 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչների կրած պարտությունը Հունաստանի հավաքականից (1:3): Մերոնք հաղթեցին Թուրքիայի, Եգիպտոսի հավաքականներին 3,5:05, Իսրայելի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչներին` 2,5:1,5 հաշիվներով, իսկ Ռուսաստանի եւ Հնդկաստանի ընտրանիների հետ խաղերն ավարտեցին ոչ-ոքի` 2:2:

Հնդկաստանի ներկայացուցիչները վերջին պահին էին իրավունք ստացել խաղալու, քանի որ հրաժարվել էին պատվիրակներ ուղարկել Չինաստանի ներկայացուցիչները: Հնդիկներն ամենամեծ անակնկալը մատուցեցին, քանի որ այդ հաջողությանը հասան առանց իրենց երկրի ամենաուժեղ շախմատիստի` աշխարհի չեմպիոն Վիշվանաթհան Անանդի մասնակցության: Նրանք շրջանցեցին ավելի բարձր վարկանիշ ունեցող Ադրբեջանի, Հայաստանի եւ Իսրայելի հավաքականներին:

Օրինաչափ էր ամերիկացիների 2-րդ մրցանակակիր դառնալը: Իր կազմով ԱՄՆ-ի թիմը աշխարհի հավաքական է հիշեցնում, քանի որ իրար կողքի խաղում են հրեա, ճապոնացի, ուկրաինացի, չինացի, հայ գրոսմայստերներ: Նախկին երեւանցի, իսկ վերջին տարիներին Լոս Անջելեսում բնակվող Վարուժան Հակոբյանը, մինչեւ աշխարհի թիմային առաջնության արծաթե մեդալակիր դառնալը, երկու անգամ ԱՄՆ-ի հավաքականի կազմում տիրացել էր Շախմատի համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալների: Իսկ Ռուսաստանի հավաքականը թեեւ հանդես եկավ առանց առաջատարների` Վլադիմիր Կրամնիկի եւ Պյոտր Սվիդլերի, սակայն կարողացավ պահպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի հավաքականի շախմատիստները դժգոհ են իրենց մրցելույթից: Նրանց համար սփոփանք կարող է համարվել այն, որ շրջանցել են Հայաստանի ներկայացուցիչներին, այսինքն ավելի խելոք են գտնվել մերոնցից: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի խաղացողներին, ապա նրանք արդարանալու, խոսելու տեղ չունեն:

Շախմատի աշխարհի թիմային առաջնություններ կազմակերպվում են սկսած 1985-ից: Դրանք անցկացվում են 4 տարին մեկ անգամ: Մերոնք նախկինում խաղացել են աշխարհի 4 առաջնություններում: Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում 1993-ին կայացած ստուգատեսում Հայաստանի ներկայացուցիչները 4-րդ տեղ էին գրավել: Իսկ ահա, 1997-ին (Լյուցեռնում), 2001-ին (Երեւանում), 2005-ին (Իսրայելի Բհեր Շեւա քաղաքում) անցկացված առաջնություններում դարձել էին բրոնզե մեդալակիր: Մերոնք շախմատի թիմային Եվրոպայի առաջնության, Շախմատի համաշխարհային վերջին երկու օլիմպիադաների չեմպիոն էին դարձել, սակայն չէին կարողացել առաջին տեղ գրավել շախմատի աշխարհի թիմային առաջնություններում:

Եթե հաշվի առնենք, որ վերջին փորձությունից առաջ Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում էլ մեր շախմատիստների ընտրանին անմասն էր մնացել խաղարկված պարգեւներց եւ զբաղեցրել էր 4-րդ տեղը, ապա կատարվածներն ամենեւին էլ պատահական չպետք է համարել:

Չի կարելի ասել, թե մերոնք Եվրոպայի թիմային առջնությունում, աշխարհի գավաթի խաղարկությունում կրած անհաջողություններից հետո լուրջ հետեւություններ էին կատարել: Ճիշտ է, դեկտեմբերի 19-27-ը մեր շախմատիստները ուսումնամարզական հավաք էին անցկացրել Ծաղկաձորում, սակայն դրան չէին մասնակցել թիմի առաջատար Լեւոն Արոնյանը, եւ առավել տարօրինակ է` հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը: Նրանք միանգամից մրցավայր էին ժամանել Գերմանիայի Բեռլին եւ Հունգարիայի Բուդապեշտ քաղաքներից: Մինչդեռ թիմային ստուգատեսներում կարեւորվում է, թե տվյալ հավաքականը որքանով է միասնական: Եվ միասնական կազմով չնախապատրաստված մեր ընտրանին հայտնվեց կոտրած տաշտակի առջեւ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաջորդ փորձությունը կլինի սեպտեմբերին Խանտի Մանսիյսկում կայանալիք Շախմատի համաշխարհային օլիմպիադայում:

Հունվարի 21-ին Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց շախմատի մեր երկրի առաջնությունը, որի արդյունքով կհստակեցվի շախմատի Հայաստանի հավաքականի կազմը, նաեւ կորոշվեն, թե ովքեր են հանդես գալու մարտի 5-19-ին Խորվաթիայի Ռիեկա քաղաքում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությունում:

Դիտվել է 1955 անգամ:
Print Friendly

Leave a Reply