Քննությունը կպարզի, թե հնարավո՞ր էր կանխել թիվ 56 դպրոցի ուսուցչուհու սպանությունը 18:07 • 16.08.12

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 16, 2012 22:05

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, որի նպատակն է պարզել՝ ոստիկանությունը ուշացումո՞վ է արձագանքել օգոստոսի լույս 12-ի գիշերը Արաբկիր շրջանի մի բնակչուհուց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ստացված ահազանգին, թե՞ ոչ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական կայքում տեղադրված պարզաբանումից:
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկացրել էր, թե երբ մարդասպանը մտել է բնակարան, հարևանները աղմուկի ձայն են լսել և ժամը 04.30-ի սահմաններում զանգահարել են ոստիկանություն, սակայն այնտեղից հրահանգել են, որ մարդիկ հանգիստ քնեն:
Բնակիչների երկրորդ զանգից հետո ոստիկանները, ըստ թերթի, էլի չեն ժամանել ու միայն «մուննաթ են եկել» զանգահարողի վրա, և երրորդ փորձից հետո, վերջապես, մի ոստիկան է հայտնվել, ով կանգնել է շենքի մուտքի մոտ ու ասել, թե ոչինչ չի կարող անել` մինչև կնոջ բնակարանի դուռը չբացվի:
Ոստիկանությունը, իբրև պարզաբանում նշում է, որ ահազանգից հետո, թե Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 1-ին մուտքի մոտից ձայներ են լսվում, օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված հասցեով ու հայտնաբերել շենքի մոտ կանգնած աղբատար մեքենան:

«Նշված մուտքն ու հարակից տարածքը ստուգելով, օպերատիվ զրույցներ և այլ միջոցառումներ իրականացնելով ու կասկածելի ոչինչ չհայտնաբերելով` օպերատիվ խումբը վերադարձել է: Որոշ ժամանակ անց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում դարձյալ ահազանգ է ստացվել: Ահազանգողը, նշելով նույն հասցեն, հայտնել է, որ 2-րդ հարկի հարևանուհին չի արձագանքում: Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել է նշված հասցեով և Կոմիտասի պողոտայի 30 շենքի 6-րդ բնակարանում հայտնաբերել է 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը»,- նշված է ոստիկանության պարզաբանման մեջ:Նշենք, որ 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանը Ստ. Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի էր և նրա հասցեին աշակերտների ու գործընկերների կողմից միայն դրվատանքի խոսքեր են հնչում:

Թերթ.am

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply