Շառլ Ազնավուրը Թբիլիսիում
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | August 16, 2012 16:46
Աշխարհահռչակ հայ երգիչ և երգահան Շառլ Ազնավուրը օգոստոսի 15-ին Վրաստանի կառավարության հրավերով ժամանել է Թբիլիսի: Նույն օրը ֆրանսահայ արվեստագետը Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ եկեղեցու բակում Ազնավուրին դիմավորել և ողջունել են հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ: Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցում բարիգալստյան արարողությունից և մոմավառությունից հետո աշխարհահռչակ երգիչը «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում հանդիպեց Վրաստանի հայ համայնքային տարբեր կառույցների, մասնավորապես` հոգևոր դասի, թեմի հոգաբարձուների խորհրդի, Վրաստանի հայ եկեղեցասեր երիտասարդաց միության, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության, Վրաստանի հայ նկարիչների միության, Վրաստանի հայ երաժիշտների միության, Վրաստանի հայ մտավորականների միության և մի շարք այլ կազմակերպությունների ու հայկական կառույցների ներկայացուցիչների հետ: Ողջունելով մեծանուն երգչին և մեծ մարդասերին` Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հավաստեց այն մեծ սերն ու հարգանքը, որ հայությունը տածում է տաղանդավոր իր զավակի նկատմամբ: Հանդիպման ավարտին մեծ հայրենակցին իրենց ստեղծագործությունները նվիրեցին թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցը, քանդակագործ Լեվոն Օսիպովը և երաժիշտ Լևոն Շահբազյանը: Երեկոյան ի պատիվ Շառլ Ազնավուրի Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից տրվեց պաշտոնական ընթրիք:






Facebook
Tweet This
Email This Post
