Մեղրիում ճշտվում են երկրաշարժի հետեւանքով շենքերին ու շինություններին հասցված վնասների չափերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 16, 2012 13:44
Օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքներին ծանոթանալու նպատակով օգոստոսի 15-ին Մեղրիի տարածաշրջանում էր Սյունիքի մարզպետարանի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովը` քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրել է Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, հանձնաժողովը եղել է Ագարակի դպրոցում, մանկապարտեզում, որտեղ, բարեբախտաբար, երկրաշարժը հետեւանքներ չէր թողել: Մասնագետները եղել են նաեւ քաղաքի 6 շենքերում, որտեղից ահազանգել էին բնակիչները, սակայն արտաքին զննման արդյունքում պարզվել է, որ դրանք ոչ կոնստրուկիցիոն շեղումներ են, այլ ընդամենը կոսմետիկ ճաքեր:
Ամենաշատ վնասը կրել է քաղաքապետարանի շենքը, որը վերջերս էր նորոգվել: Քաղաքի երկու շենքերի համար որոշվեց, որ դրանք պետք է ուսումնասիրվեն սեյսմոլոգիական հանձնաժողովի կողմից: Մարզպետարանի հանձնաժողովը եղել է նաեւ Մեղրի քաղաքի 8 շենքերում, կատարել արտաքին զննում: Ըստ քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանի` այստեղ եւս շենքերին հասցված վնասները մտահոգիչ չեն: Մեղրիում առավել շատ տուժել է երկհարկանի մի առանձնատուն, որը վնասել է երկրաշարժի հետեւանքով սարից պոկված ժայռաբեկորը:
Առաջիկայում Մեղրիի տարածաշրջան կայցելի սեյսմոլոգիական մասնագիտական հանձնախումբը` վերջնական եզրակացություն տալու համար: Իսկ մինչ այդ, Ագարակի ու Մեղրիի քաղաքապետարնները խնդրի վերաբերյալ շարունակում են դիմումներ ստանալ բնակիչներից:
Արմենպրես






Facebook
Tweet This
Email This Post
