Հայկ Դեմոյան.«Անիմաստ է խոսել ցեղասպանությունից առանց հատուցման պահանջի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2010 3:20

Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի կարծիքով` հայ-թուրքական հարաբերություններում հիմա դադարի ժամանակաշրջան է, որին կհաջորդի իրադարձությունների զարգացման նոր շրջան. «Ապրիլին Թուրքիան հերթական անգամ կփորձի բարի երևալ, ապրիլի 24-ին էլ որևէ շոու կկազմակերպի»:

Դեմոյանն ասում է, որ թուրքական կողմը հիմա հիասթափությունների փուլում է, քանի որ հասկացել է` Հայաստանի վրա ճնշումներ գործադրելով հնարավոր չէ հասնել զիջումների Ղարաբաղի հարցում: «Թուրքիայում հույս ունեին նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կխարխլի Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, -ասում է Դեմոյանը,- ինչը նույնպես չիրականացավ»:
Դեմոյանի խոսքերով` հիմա ականատեսն ենք այն բանի, թե որքան դժվար է Թուրքիայի համար կորցնել Ադրբեջանին. «Նա փորձում է որոշակի քայլեր ձեռնարկել` փրկելու իր դեմքը: Սակայն եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալվի Թուրքիայի մեղքով, կտուժի թուրքական կողմը»:

Հայկ Դեմոյանն ասում է, որ Թուրքիայի անմիջական շահերից է բխում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը, քանի որ «այդպիսով նա կկարողանա հակազդել առաջիկա 15-20 տարիներին ի հայտ եկող ներքաղաքական խնդիրներին: Հարևանների հետ զրո խնդիրներ քաղաքականությունն էլ հենց կոչված է մեղմելու ապագա մարտահրավերները»:

Ըստ Դեմոյանի` առաջիկա տասնամյակում Թուրքիայում 20-30 տոկոսով աճելու է պահանջարկը էներգետիկ ռեսուրսների նկատմամբ: Թուրքիան պետք է կարողանա ապահովել այլընտրանքային էներգետիկ աղբյուրներ, այլապես լուրջ ճգնաժամում կհայտնվի: Դեմոյանի խոսքով` Թուրքիան նաև ձգտում է լուծել Հայոց ցեղասպանության հարցը, քանի որ այն քայքայիչ ազդեցություն ունի թուրքական պետականության վրա. «Թուրքիայում ինքնության ճգնաժամ է, սկսել են վերանայել քեմալիզմի դրույթները, որոնք թուրքական պետության և ազգի գոյության հիմքն են»:

Դեմոյանն ասում է, որ հայ-թուրքական պատմական հանձնաժողով ձևավորելու դեպքում քննարկման առարկա կարող են դառնալ միայն ցեղասպանության հետևանքները և բռնի ուծացված հայերի հարցը: Ըստ նրա` հայկական կողմը կարող է առաջ քաշել նաև հատուցման հարցը, քանի որ անիմաստ է խոսել ցեղասպանությունից առանց հատուցման պահանջի:

Դիտվել է 1771 անգամ:
Print Friendly

Leave a Reply