Հայ բռնցքամարտիկները նվաճել են 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 1, 2010 2:32

Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում կայացած բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում փայլուն մրցելույթներ ունեցան այս մարզաձևի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները` նվաճելով 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Մրցաշարը նվիրված էր ԽՍՀՄ հերոս Ալեքսանդր Ակսյոնովի հիշատակին: Մասնակցում էին Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչները: 148 բռնցքամարտիկներ էին ռինգ դուրս եկել, որոնցից  9-ը Հայաստանից: Սա  համարվում էր նախապատրաստական փուլ  ապրիլին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունից առաջ: Աշխարհի պատանիների չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը (48 կգ) և Հրայր Կարապետյանը (60 կգ) , միայն եզրափակչում զիջելով ուկրաինացի մրցակիցներին, բավարավեցին 2-րդ տեղով: Պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին Կարեն Ղամբարյանը (51 կգ), Հովհաննես Բաչկովը (54 կգ), Կարեն Տոնականյանը (57 կգ), Արթուր Քիրաջյանը (64 կգ): «Անկասկած, այս մրցաշարը շատ կարևոր էր աշխարհի երիտասարդական առաջնությանը նախապատրաստվող մեր բռնցքամարտիկների համար, քանի որ նրանք միջազգային հանդիպումներ անցկացնելով` մրցակցական փորձ ձեռք բերեցին: Մարտի 3-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկելու է Դան Պոզնյակի միջազգային մրցաշարը, որն նույնպես կմասնակցեն երիտասարդ մեր բռնցքամարտիկներից վեցը: Ապրիլի 1-14 մերձմոսկովյան Չեխով քաղաքում համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնենք բռնցքամարտի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հետ, որից հետո էլ կուղևորվենք աշխարհի առաջնության մրցավայր»,- «Անկախ»-ին ասաց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը: Նա նաև նշեց, որ մարզիկների առջև խնդիր է դրվելու մեր  արժանանալ Սինգապուրում կայանալիք առաջին պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի: Այդ ստուգատեսին մասնակցելու են մինչև 18 տարեկան բռնցքամարտիկները: Իսկ դրա համար անհրաժեշտ է զբաղեցնել 1-4-րդ տեղերը:

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply