Սեւանա լճում ձկան վերարտադրության խթանման համար հատուկ կերեր կօգտագործվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 16, 2012 7:51

Սեւանա լճի ձկան կերի մատակարար է ընտրվել դանիական BioMar ընկերությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բնապահպանության նախարարությունից, այս մասին հայտարարվել է օգոստոսի 15-ին Սևանա լճում իշխան ձկան բազմացման պիլոտային ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող քննարկման ժամանակ:

Խորհրդակցության ժամանակ BioMar ընկերության արտադրանքի իրացմամբ զբաղվող «Էմի ֆրութ» ընկերության տնօրենը ներկայացրել է իրականացված և նախատեսվող աշխատանքները: Հատուկ ուշադրություն է դարձվել ծրագրում օգտագործվելիք կերի որակի և բաղադրության վրա, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում մշտադիտարկման, մոնիթորինգի հարցերին:

ԲիոՄար-ը հիմնադրվել է Դանիայում 1962թ-ին, ներկայում այն բարձր արդյունավետությամբ ձկան կեր մատակարարող առաջատար ընկերություններից է: ԲիոՄար խումբը կերեր է վաճառում աշխարհի 60 երկրների ավելի քան 25 տեսակի ձկների համար: Այն արտադրում է հատուկ սերտիֆիկացված կերեր օրգանական ձկան արտադրության նպատակով` տարեկան ավելի քան 710 000տ:

Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման պիլոտային ծրագրի շրջանակներում նախատեսվում է օգտագործել EFICO ENVIRO 975 կամ 920 մակնիշի ձկան կեր: Այս կերերը կազմված են բարձրորակ բաղադրիչներից, ինչը հնարավորություն է տալիս լավագույնս բավարարել ձկների սննդային պահանջները, միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Կերի կազմի օպտիմալացման միջոցով ընկերությանը հաջողվել է նվազեցնել նրանում ազոտի և ֆոսֆորի պարունակությունը`այդպիսով ապահովելով ջրի նվազագույն աղտոտում այդ նյութերով:

«Էմի ֆրութ» ընկերությունը պատրաստ է ձկան կերից տրամադրել այն կազմակերպություններին, որոնք կցանկանան իրականացնել կերի որակի և բաղադրության լաբորատոր հետազոտություն:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը նշել է, որ այս ծրագիրը փորձնական է և առաջին հերթին ուղղված է Սևանա լճում ձկան էնդեմիկ տեսակների վերարտադրման ապահովմանը: Մշտադիտարկման շնորհիվ փորձնական ծրագրի ավարտին կգնահատվեն հնարավոր դրական և բացասական ազդեցությունները Սևանա լճի էկոհամակարգի վրա, որը թույլ կտա որոշում կայացնել հետագա քայլերի վերաբերյալ` առաջնորդվելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում ամրագրված պահանջներով:

Դիտվել է 1527 անգամ:
Print Friendly

Leave a Reply