«Հրապարակ». Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան. Վանո Սիրադեղյանը նամակով հերքել է իր մահվան մասին լուրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 16, 2012 7:39

“Հրապարակ” թերթը, ինչպես խոստացել էր երեկվա համարում, հրապարակել է Վանո Սիրադեղյանից ստացված նամակը, որով վերջինս հերքել է թերթի հրապարակումն այն մասին, թե ինքը մահացել է: «Սա այն եզակի դեպքերից էր, երբ մեր տեղեկության հերքված լինելը միայն ու միայն ուրախություն էր պարգևում»,-մասնավորապես նշում է թերթի խմբագիր Արմինե Օհանյանը:
Թերթը ներկայացնում է Վանո Սիրադեղյանի նամակն ամբողջությամբ. «Տիկին գլխավոր խմբագիր, հավատալ չեմ ուզում, թե դու այնքան վատ ես մտածում իմ մասին, որ կասկածես իմ ունակությանը` այս ընթացքում գտած ունենալ մի պարզ հնարք, ինչը թույլ է տալիս իսկույնևեթ իմաց տալ մերձավորներիս, եթե մի բան պատահի: Հասկանում եմ, որ թերթը իր շահը, իր գայթակղությունը ունի, բայց դու ինձ ստիպեցիր խախտել լռությունս (5 տարվա, ոչ թե 2, ինչպես թերթն է գրում) միակ, ամենածայրահեղ միջոցով: Այնպես որ, նամակիս կշտամբանքը քեզ` ինձ թերագնահատելու համար, պարզաբանումը` իմ մերձավորներին: Առհասարակ, ձգտում եմ ինքս ինձ առավելագույնս մեկուսացնել Հայաստանի անցուդարձից: Հատկապես` քաղաքական կոչվածից: Հատկապես` վերջին տարիներս: Այն աստիճան, որ այս տասներկուսուկես տարիներին թեկուզև 1 րոպե հայաստանյան հեռուստաալիք չեմ նայել, եթե չհաշվենք այն հազվադեպ ակնթարթները, երբ ալիք փոխելիս անզգուշաբար դիպչում եմ հայերենին ու այսահարվածի նման վրայով թռչում: Եթե անգամ գումարենք այդ ակնթարթները, հավատա, որ 12 տարվա մեջ 2 րոպե չի կազմի: Նեղանալու բան չի, նույն հիգիենիկ նկատառումներով չեմ նայում նաև ռուսական ալիքները: Երևի դրա շնորհիվ է, որ այսքան «երկարակյաց» եմ:
Առիթ է, ասեմ ստորագրահավաքի մասին: Առաջին մղումով տեքստ գրեցի` «Դադարեցրեք դա» վերնագրով, բայց առավոտյան ճղեցի թուղթը` հասկանալով, որ նման արձագանքը ոչ միայն արդար չէ մերձավորներիս նկատմամբ, այլև կոպիտ ու անշնորհակալ կեցվածք է թեկուզև 1 ստորագրողի հանդեպ: Եվ որ ինձ համար այդ միջոցառման նվաստացուցիչ լինելու հանգամանքը այլևս չորրորդական նշանակություն ունի:
Ինչ եմ մտածում վերադարձի մասի՞ն: 8 տարի առաջ մի՛ բան էի մտածում, հիմա` պարզապես չեմ մտածում:
Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան, բայց հույս ունեմ` այնպես. որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում:
Չես հավատա, բայց ասեմ, որ այդ դեպքի համար էլ` հոգացել եմ, որ «շփումս» Երևանի հետ հասցվի նվազագույնի»:
Թերթ.am

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply