Ադրբեջանը Ստեփան Շահումյանին դաշնակցական է դարձնում
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | January 29, 2010 5:38
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Յագուբ Մախմուդովը այսօր հայտարարել է, որ համաձայն գաղտնի փաստաթղթերի` Ստեփան Շահումյանը Դաշնակցության Բաքվի կոմիտեի անդամ էր:
Ըստ Մախմուդովի, Բաքվի 26 կոմիսարների գործունեությանը վերաբերող արխիվային նյութերում հայտնաբերվել են գաղտնի հեռագրեր ու փաստաթղթեր: Նա ասում է, որ 1918թ սեպտեմբերի 20-ից հետո, երբ կոմիսարները գնդակահարվել են, Շահումյանը պահվել է Կրասնովոդսկի բանտում և 10 օրերի ընթացքում ստացել օրապահիկ ու 17 ռուբլի:
«Անկախի» հարցին, թե պատմության տեսանկյունից որքանո՞վ են համապատասխանում իրականությանը Մախմուդովի այս թեզերը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նորագույն պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Ղարաքեցյանը տեղեկացրեց, որ Ստեփան Շահումյանը իսկապես մինչ գնդակահարությունը գտնվել է Կրասնովոդսկ քաղաքում, սակայն ձերբակալվել է մյուսների հետ միասին և անգլիական զինվորական միսիայի ու հակաբոլշևիկների որոշմամբ` գնդակահարվել: Ըստ պատմական տվյալների՝ այդ իրադարձությունը տեղի է ունեցել հենց սեպտեմբերի լույս 20-ի գիշերը, այլ ոչ թե 10 օր անց:
Ինչ վերաբերում է Շահումյանի՝ Դաշնակցության կոմիտեի անդամ լինելուն, Վլադիմիր Ղարաքեցյանը նշեց, որ ադրբեջանցիները սովոր են նման «հայտնագործություններ» կատարելու. «1917թ դեկտեմբերին Լենինի հրամանով Շահումյանը նշանակվեց Կովկասի գծով արտակարգ կոմիսար: Ինչպե՞ս կարող էր Լենինը դաշնակցականին նման պաշտոնի նշանակվել»:
Նա սակայն, չհերքեց դաշնակների հետ բոլշևիկների կապը՝ հիշեցնելով, որ Բաքվի հայտնի իրադարձությունների ժամանակ բոլշևիկներն ու դաշնակցականները համատեղ են գործել: Մասնավորապես, հայտնի է Շահումյանի գործակցությունը Հայկական ազատագրական շարժման նշանավոր գործիչ, գնդապետ Համազասպի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
