Թուրքական կողմը փոխել է արձանագրությունների տեքստը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | January 29, 2010 5:28

Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի Ազգային Մեջլիս(Թուրքիայի խորհրդարան) է ներկայացված օրենքի նախագծի տեսքով, որտեղ արձանագրությունների մեկնաբանության մեջ որոշակի վերապահումներ կան արված, իսկ այդ փաստի մասին հայկական լրատվական դաշտում ոչ մի տեղեկատվություն չկա. այսօր լրագրողներին հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքիայի կառավարությունը 2009թ. հոկտեմբերին արձանագրություններն օրենքի նախագծի տեսքով ուղարկել էր խորհրդարան: Ըստ Թուրքիայի մեջլիսի կանոնակարգի,  խորհրդարանի Արտաքին կապերի հանձնաժողովը պետք է արձանագրությունները 45-օրյա ժամկետում քննարկեր և ներկայացներ եզրակացություն։ Սակայն այս տարվա հունվարին Թուրքիայի Ազգային Մեջլիսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրություններն այս պահին հանձնաժողովի օրակարգ բերելն օգտակար չի կարող լինել:

«Այդ օրենքի նախագծում, մասնավորապես գրված է, որ ուժի մեջ է Կարսի պայմանագիրը, մինչդեռ արձանագրություններում Կարսի պայմանագրի մասին ոչ մի խոսք չկա,- ասում է Մելքոնյանը,- ու ընդհանրապես այդ փաստաթուղթում առկա են հայկական կողմին վերաբերյալ բոլոր նախապայմանները` սկսած Կարսի պայմանագրից մինչև Արցախյան հարցի մասով փոխզիջումներ անելը»:

Մելքոնյանն ասում է, որ օրենքի նախագիծը Թուրքիայի կառավարության կայքէջում դրված է եղել 1-2 օր, որից հետո այն հանվել է:

«Էրդողանը` ստորագրելով այդ փաստաթղթի տակ, ամենուրեք հայտարարություններ է անում, որ արձանագրություններն առանց փոփոխելու ուղարկվել է Ազգային Մեջլիս,- ասում է Մլեքոնյանը,- և մեղադրում է հայկական կողմին, որ արձանագրությունների տեքստը փոխում է և այն վավերացնելու համար ուղարկել է Սահմանադրական դատարան»:

2010թ. հունվարի 12-ին կայացած Սահմանադրական դատարանի նիստում որոշում ընդունվեց, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական համաձայնագրերըում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը. « Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն, սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Մելքոնյանն ասում է, որ Էրդողանի այս հայտարարությունները բացահայտ դեմագոգիա են, և հայկական դիվանագիտական կողմը թուրքերի իրավական այս օպերացինան պետք է օգտագործի իր զինանոցում:

Մելքոնյանի կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը փակուղի է մտել թուրքական կողմի ջանքերով: «Հայաստանը մտնելով լուրջ դիվանագիտական խաղի մեջ` փորձեց ներկայանալ որպես ինքնուրույն և լուրջ խաղացող։ Հիմա այդ գործընթացը շարունակվում է,- ասաց նա,- և արդյունք դեռևս չկա:Սակայն այն դեռևս կունենա իր շարունակությունը»:

Իսկ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն այսօր կանխատեսում է արել, որ հայ-թուրքական արձանագրությունները, թեկուզ դժվարությամբ, բայց  ի վերջո կհասնեն իրենց տրամաբանական ավարտին: «Երկու երկրների խորհրդարանները կվավերացնեն դրանք ոչ ավելի ուշ, քան մինչև ապրիլի 23-ը»,- ասում է նա:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply