Հայաստանի արտգործնախարարն այցելեց Ֆիլիպիններ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 15, 2012 16:45

Օգոստոսի 15-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ֆիլիպինների Հանրապետություն:

ՀՀ ԱԳ նախարարի այցելությունն սկսվեց Ֆիլիպինների Ազգային հերոս Խոսե Ռիզալի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ, որից հետո Մանիլայի քաղաքապետ Ալֆրեդո Լիմը Էդվարդ Նալբանդյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին:

Մանիլայում Հայաստանի արտգործնախարարին ընդունեց Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Աքինոն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Ֆիլիպինների նախագահը կարեւորեց դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի տարում երկկողմ հարաբերություններին նոր լիցք տալու Հայաստանի նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ ՀՀ արտգործնախարարի առաջին այցելությունը Ֆիլիպիններ նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Ֆիլիպինների ղեկավարին փոխանցեց Հայաստանի Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, եւ ընդգծեց, որ իր այցելության նպատակը ասիական տարածաշրջանում կարեւոր դերակատարություն ունեցող երկրի՝ Ֆիլիպինների հետ համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելն է եւ որ Ֆիլիպինների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ բանակցությունների ընթացքում դրա վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Ֆիլիպինների նախագահը Հայաստանի արտգործնախարարին պատմեց երկրում իրականացված քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների արդյունքների եւ այդ ոլորտներում իրագործվող ծրագրերի մասին:

Արտգործնախարար Նալբանդյանը նախագահ Աքինոյին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումները:

Զրույցի ընթացքում մանրամասն անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Նոõյն օրը ավելի վաղ կայացան Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆիլիպիննների արտաքին գործերի քարտուղար Ալբերտ դել Ռոսարիոյի բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը հանգամանալից քննարկում ունեցան երկկողմ համագործակցության նպատակով ձեռնարկվելիք քայլերի, ասիական, կովկասյան եւ մերձավորարեւելյան տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Հայ-ֆիլիպինյան փոխգործակցության ակտիվացման նպատակով նախարարները պայմանավորվեցին գործուն քայլեր ձեռնարկել քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական հարաբերությունների, մշակութային փոխանակումների խթանման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման ուղղությամբ:

Քննարկվեցին ներդրումների խրախուսման, գիտակրթական, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության, շինարարության, տուրիզմի ոլորտներում փոխգործակցության ձեւավորման հնարավորությունները:

Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտ դել Ռոսարիոն մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Այս ենթատեքստում Ֆիլիպինների ԱԳ նախարարը ներկայացրեց իր երկրի մոտեցումները ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային զարգացումների եւ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Իր հերթին նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը տեղեկացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մասին:

Հայաստանի եւ Ֆիլիպինների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաեւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես՝ մերձավորարեւելյան իրադարձություններին:

Բանակցություններից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտ դել Ռոսարիոն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Ֆիլիպինների Հանրապետության արտաքին գործերի դեպարտամենտների միջեւ փոխըմբռնման հուշագիրը» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆիլիպինների Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագիրը»:

Երկու երկրների հարաբերությունների զարգացման նպատակով քայլերի շարունակականությունն ապահովելու նպատակով Ալբերտ դել Ռոսարիոն ընդունեց Էդվարդ Նալբանդյանի՝ Երեւան պատասխան այց կատարելու հրավերը:

Դիտվել է 1363 անգամ:
Print Friendly

Leave a Reply