Ըստ Չավուշօղլուի՝ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իր խոսքերը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 28, 2010 4:27

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաեւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը երեկ Ստրասբուրգում հանդիպել են ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպումը նախաձեռնել էր հայկական պատվիրակությունը:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հայկական պատվիրակության ներկայացուցիչները խնդրել են պարզաբանումներ ներկայացնել նախօրեին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տրված Չավուշօղլուի հարցազրույցի կապակցությամբ:
ԵԽԽՎ նախագահը հայկական պատվիրակության անդամներին պարզաբանել է, որ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը մեկնաբանել է իր խոսքերը, ինչի արդյունքում խեղաթյուրվել է իր ասածի իմաստը: Ըստ Չավուշօղլուի, ինքը չի օգտագործել հարցազրույցում օգտագործված բառակապակցությունները, այլ խոսել է տարածաշրջանում առկա խնդիրների մասին, այդ թվում` Ռուսաստան- Վրաստան, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան- Թուրքիա հարաբերությունների մասին, որոնք պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով, որ ԼՂ հարցի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում է, և ԵԽԽՎ-ն կարող է աջակից դերակատարում ունենալ բոլոր հակամարտությունների լուծման ուղղությամբ, հատկապես այն հարցերում, որոնք առնչվում են մարդասիրական խնդիրներին:

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply