Հացի գնի իրական աճ, գումարած թաքնված գնաճ. կրկնակի հարված սպառողի գրպանին 20:31 • 14.08.12
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 15, 2012 9:19
Բացի գոյություն ունեցող հացի գնաճից, առկա է նաև թաքնված գնաճ. այսօր Tert.am-ին հայտնեց Հայաստանի «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը:
«Թաքնված գնաճն այն չէ, ինչ մենք տեսնում ենք պիտակի վրա: Կան բազմաթիվ հնարքներ. հացի և ոչ միայն հացի տեսքը էնպես են ներկայացնում, որ նա մեծ երևա: Դա արվում է խոնավության, ծակոտկենության, տեխնոլոգիայի հաշվին: Հարյուր անգամ ես բարձրացրել եմ էդ խնդիրը, որ մենք պետք է ուսումնասիրենք, քաշը համեմատենք իր ֆինանսական փաստաթղթերի հետ՝ ապրանքագրի հետ»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Վերջինիս խոսքով՝ շատ հեշտ է պարզելու եղանակը. մի քանի խանութներից վերցնում ենք հացը, ուղարկում լաբորատորիա և ստանում այն տարբերությունը, որ առկա է հացի իրական և ապրանքագրում նշված քաշերի միջև՝ ի վնաս սպառողի:
Հայաստանի «Սպառողների միության» նախագահը շատ կցանկանար, որ դա այդպես չլիներ, բայց արդեն սեփական փորձով համոզվել է, որ տարբերությունը, որպես կանոն, կազմում է 180-190 գրամ:
Մի քանի տարի առաջ Արմեն Պողոսյանի ներկայացրած հասարակական կազմակերպության կատարած ուսումնասիրություններն անգամ արձանագրել են հացի քաշի մինչև 30%-ի կորուստ:
«Կարծում եմ՝ անցած չորս տարիներին այս իրավիճակը չի փոխվել»,- ասաց Արմեն Պողոսյանն՝ ի պատասխան հարցին, թե անցած տարիների համեմատությամբ իրավիճակը լավացե՞լ է, թե՞ ավելի վատացել:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ դիտարկումներով, հունիս ամսվա համեմատ հուլիսին ալյուրի շուկայում 3% գնաճ է արձանագրվել, 10-20 դրամով թանկացել է նաև հացը:
Հանրապետություն ալյուր ներկրող խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարն այսօր լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, թե միջազգային շուկայում անընդհատ բարձրանում է ցորենի գինը՝ մոտ 16%-ով, թանկացման հետևանքով առաջիկայում՝ սեպտեմբերին, Հայաստանում ալյուրը կթանկանա:
Նշենք, որ երաշտի նախանշաններ կան Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, ԱՄՆ-ում և Կանադայում, որտեղ, ըստ կանխատեսումների, համախառն բերքը նախորդ տարվա համեմատ կնվազի 30-40 %-ով:
Թերթ.am






Facebook
Tweet This
Email This Post
