Խորհրդարանական կոալիցիան սպառնում է սառեցնել հայաստանյան պատվիրակության գործունեությունը ԵԽԽՎ-ում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 28, 2010 3:50

Ազգությամբ թուրք ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի՝ ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցին ի պատասխան ՀՀԿ, ԲՀկ և ՕԵԿ խորհրդարանական խմբակցությունները հունվարի 27-ին հայտարարություն են տարածել:

Հայատարարությունում, մասնավորապես, ասվում է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը հանդես է եկել կանխակալ տեսակետներով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ: Վեհաժողովի նախագահի կողմից «իրականության» որոշ մեկնաբանություններ հարցականի տակ են դնում նրա անկողմնակալությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ընկալման հարցում: ԵԽԽՎ նախագահը լավ չի ընկալում հակամարտության բնույթն ու տարրերը, ինչպես նաև վերջինիս շուրջ ընթացող բանակցային գործընթացը: Նա ակնհայտորեն նախընտրում է անտեսել այն փաստը, որ խաղաղ կարգավորումը հիմնված է մի քանի սկզբունքներին հետամուտ լինելու վրա, որոնց թվում է նաև ինքնորոշման սկզբունքը: Ինչպես երևում է, Նախագահը նաև անտարբերությամբ է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանն առնչվող հիմնահարցերին, որոնք մշտապես վտանգված են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներկայումս նաև հայերի հանդեպ ատելություն և այլատյացություն քարոզելու միջոցով:

Ավելին, ցավում ենք, որ հենվելով հիմնահարցի առնչությամբ Թուրքիայի դիրքորոշմանը և շեշտելով, որ. «այս հակամարտությունը կարծես խոչընդոտում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը», նախագահը լրջորեն հարցականի տակ է դնում իր պաշտոնավարության հեղինակությունը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում առհասարակ որևէ դրական դերակատարում ունենալու տեսանկյունից:

Այս հարցազրույցը ևս մեկ անգամ հաստատում է, որ բանակցություններ վարելը միայն լիազորված մարմնի, այս պարագայում՝ ԵԱՀԿ և վերջինիս Մինսկի խմբի համանախագահության իրավասությունն է, և այն, որ այս ձևաչափից դուրս ցանկացած անպատասխանատու ձեռնարկում միայն ավելի բարդացնում և վնասում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը:

Հաշվի առնելով վերոգրյալը, Ազգային Ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կոալիցիոն խմբակցությունները հորդորում են Ազգային ժողովի նախագահին ԵԽԽՎ նախագահից ճշտել տարածված հարցազրույցի իսկությունը, բացատրություններ պահանջել պարոն Չավուշօղլուից, հասկանալ՝ արդյո՞ք նրա խոսքերը կարելի է համարել ԵԽԽՎ պաշտոնական դիրքորոշում և հարկ եղած դեպքում լրջորեն քննարկել Չավուշօղլուի նախագահության շրջանում ԵԽԽՎ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու հարցը»:

Իշխանական կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «Անկախին» ասաց, որ Չավուշօղլու գնահատականները հին են, քանի որ այսօր արդեն ասպարեզում կա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ 2009թ. դեկտեմբերին Աթենքում արված համատեղ հայտարարությունը. «Աթենքյան հռչակագրում սևով սպիտակի վրա պարզ գրված էին կարգավորման մեխանիզմները և գնահատական էր տրված հակամարտության այսօրվա վիճակին: Սա է այն գնահատականը, որ այսօր կա ասպարեզում և դրանից տարբերվող այլ գնահատականներ տալը, մեղմ ասած, մեծ ռիսկի գործ է, ինչը մենք խորհուրդ չէինք տա պր-ն Չավուշօղլուն»:

Միեւնույն ժամանակ, ԲՀԿ քարտուղարը նշեց, որ ԵԽԽՎ ղեկավարը պետք է ճիշտ կլիներ հանդես գալ ավելի հավասարակշռված դիրքորոշումներով: Թե ինչո՞ւմ է, մասնավորապես, արտահայտվում Չավուշօղլուի անհավասարակշռությունը, Արամ Սաֆարյանն այդպես էլ չպարզաբանեց՝ հղում անելով բացառապես հայտարարության տեքստին, որում «ամեն ինչ պարզ ասված է»:

Ի դեպ, ինչ վերաբերում է Չավուշօղլուի նախագահության շրջանում ԵԽԽՎ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու հարցի հավանականությանը ու դրա հնարավոր հետեւանքներին, ԲՀԿ քարտուղար Արամ Սաֆարյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ հնարավոր հետևանքներն իր համար չի վերլուծել:

Չավուշօղլուն APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձ էր կատարել Հարավային Կովկասին վերաբերող ԵԽ ծրագրերին, տարածաշրջանում առկա ռուս-վրացական և  հայ-ադրբեջանական կոնֆլիկտներին: ԼՂ հիմնախնդրի վերաբերող իր խոսքում նա նշել էր, որ ԵԽ-ի որոշումներում Ղարաբաղը նշված է Ադրբեջանի սահմաններում որպես Ադրբեջանի տարածք: Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն փաստել էր, որ կոնֆլիկտի արդյունքում հումանիտար խնդիրներ են ծագել և ԵԽ-ի կողմից ընդունվել են խորհրդատվական բնույթի բազմաթիվ զեկույցներ, քանի որ առաջնահերթ են համարվում մարդկային, հումանիտար խնդիրներն ու հարցերը, որոնք մշտապես կգտնվեն ԵԽ-ի ուշադրության կենտրոնում:

Դիտվել է 1744 անգամ:
Print Friendly

Leave a Reply