ՀԱՕԿ-ի հոբելյանը նույնպես կնշվի շուքով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 28, 2010 3:15

Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20-ամյա հոբելյանի հանդիսությանը մեր երկրից մասնակցել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալներ Ռազմիկ Ստեփանյանը և Դերենիկ Գաբրիելյանը: Վերարձից հետո նրանք տեղեկացրին, որ Հայաստանի պատվիրակներին հարևան երկրի ներկայացուցիչները ջերմորեն են դիմավորել՝ երկու երկրների սահմանագլխին:

Վրացիները շուքով են կազմակերպել միջացառումը: Ժամանել են տարբեր երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներ:  Հանդիսությանը հրավիրել են այդ երկրի օլիմպիական խաղերի բոլոր չեմպիոններին` սկսած 1952-ի օլիմպիական խաղերի մասնակիցներից: Փառաբանված մարզիկների մի մասը թեև ողջ չի մնացել, այնուամենայնիվ զգալի թվով օլիմպիական խաղերի չեմպիոններ են ներկա գտնվել արարողությանը: Վերջիններիս կազմում է եղել նաև ծանրորդ Ռաֆայել Չմշկյանը: 81-ամյա մարզիկը 1952-ին օլիմպիական խաղերի չեմպիոն է: Նա աշխարհի կրկնակի, Եվրոպայի վեցակի, ԽՍՀՄ հնգակի չեմպիոն է:

Հանդիսության ժամանակ վավերագրական ֆիլմ է ցուցադրվել Վրաստանի օլիմպիական խաղեի չեմպիոնների մասին՝ այդ երկիրն ունի օլիմպիական խաղերի 36 չեմպիոն:

Ներկայումս Վրաստանի ներկայացուցիչները ցանկանում են, որ 2015-ին Թբիլիսին հյուրընկալի «Եվրոպայի երիտասարդական օրեր» փառատոնի ծրագրով անցկացվող մրցումների մասնակիցներին: Մրցակիցը Բռնո քաղաքն է: «Կարծում եմ, մեր հարևաներին հաջողվեց իրենց երկրի մայրաքաղաքը լավ ներկայացնել: Նախապատրաստական լուրջ աշխատանքներ են կատարվում: Զգալի թվով մարզաբազաներ, նաև նոր լողավազան է կառուցվում: Կա ձյուդոյի հիանալի կենտրոն: Միայն 250 ձյուդոյի տատամի է տեղադրված Վրաստանի տարբեր քաղաքների մարզասրահնորում»,-ասաց Ստեփանյանը:

Քանի որ Վրաստանի և Հայաստանի ԱՕԿ-ները գրեթե միաժամանակ են ստեղծվել, ապա Հայաստանում ևս համանման հոբելյան պետք է նշվի: Հավանական է, որ այդ հանդիսությունն անցկացվի աշնանը: «Վերադարձից հետո այդ մասին քննարկում է եղել  ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիսությունը կկայանա սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Եվ այն ոչ պակաս շուքով կանցկացվի, քան Վրաստանում»,- տեղեկացրեց Ստեփանյանը:

Դիտվել է 1449 անգամ:
Print Friendly

Leave a Reply