Սեյրան Օհանյան. «Խաղաղության պահպանման լավագույն միջոցը հակառակորդին հզոր ռազմական ուժ հակադրելն է»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 28, 2010 1:08

Հայոց բանակն արդեն չափահաս է. այսօր` հունվարի 28-ին, լրանում է հայոց բանակի 18-ամյակը:

1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

«Տասնութ տարի առաջ, երբ ստեղծվում էր պաշտպանական գերատեսչությունը, և կազմավորվում էին բանակային առաջին կանոնավոր ստորաբաժանումները, մեզանից ոչ ոք` անգամ առավել լավատեսները, պատկերացնել չէին կարող, որ այսօր կունենանք այսպիսի հզոր և մարտունակ բանակային կառույց: Չէինք պատկերացնում, քանզի երկու տասնամյակ առաջ պատերազմ էր, ծանր ու դաժան պատերազմ, որում պետք է վճռվեր հայրենի երկրի ճակատագիրը»,-ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Պաշտպանության նախարարությունում բանակի 18-րդ տարեդարձի առթիվ կայացած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ:

Նախարարը նշեց, որ Հայոց բանակը հաստատակամորեն ընթանում է կատարելագործման ճանապարհով, հուսալիորեն պաշտպանում է հայրենիքի սահմանները, ունի միջազգային բարձր հեղինակություն և տարածաշրջանում իրավամբ համարվում է ամենամարտունակներից մեկը: «Մենք հաղթանակած բանակ ենք, խաղաղության կողմնակիցներ: Եվ այսօր հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հաճախակի հնչող ռազմաշունչ հայտարարությունները մեզ ոչ թե սարսափ են ազդում, այլ զգոնության և անընդմեջ կատարելագործման են կոչում, քանզի խաղաղության պահպանման լավագույն միջոցը հակառակորդին հզոր ռազմական ուժ հակադրելն է»,-ասաց Օհանյանը:

Դիտվել է 2764 անգամ:
Print Friendly

Leave a Reply