Ֆուտբոլի Բելառուսի հավաքականը Երևանում առաջին մարզումն անցկացրեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 14, 2012 20:44

Այսօր Հայաստան է ժամանել ֆուտբոլի  Բելառուսի ազգային հավաքականը, որը վաղը մրցելու է մեր երկրի ներկայացուցիչների հետ:

Հյուրերը երեկոյան առաջին մարզումն  անցկացրին Երևանի  «Հանրապետական» մարզադաշտում, որից հետո լրագրողների հարցերին պատասխանեցին Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Գեորգի Կոնդրատևը (նկարում) և կիսապաշտպան Անդրեյ Խաչատրյանը:

Կոնդրատևը հայտնեց, որ հանդիպումը կարևոր է, քանի որ այն վերջինն է Վրաստանի թիմի հետ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք հանդիպումից առաջ և փորձարկելու են խաղային երկու տարբերակ, նաև` կարևորելու են հաշիվը: Նա նշեց, որ ուժեղ խմբում են հայտնվել և Բելառուսի հավաքականը խմբից դուրս գալու քիչ հույսեր ունի: Ասվեց, որ երևանյան խաղին չի մասնակցելու թիմի փորձառու խաղացող Գլեբը:

Նշվեց, որ Հայաստանի հավաքականը լավ տպավորություն է թողել, ունի բարձրակարգ խաղացողներ, որոնցից առանձնանում են Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը:

Ինչ վերաբերում է Բելառուսի հավաքականը համալրած Անդրեյ Խաչատրյանին, ապա մարզիչը չթաքցրեց, որ նրան հրավիրել են այն բանից հետո, երբ խաղացողներից մեկը վնասվածք է ստացել:

Խաչատրյանն էլ հայտնեց, որ հայրը գյումրեցի է և երեք տարեկան հասակում տեղափոխվել է Բելառուս: Նա նշեց, որ հրավերի համար ուրախ է: Խաչատրյանը խոստովանեց նաև, որ դժվարանում է ասել, որ երկրի` Բելառուսի՞, թե՞ Հայաստանի հավաքականը կնախընտրեր, եթե երկուսից էլ հրավեր ունենար: Եվ դեր է խաղացել այն հանգամանքը, որ առաջինը Բելառուսի ներկայացուցիչներն են իրեն հրավիրել և ճակատագրի բերումով Հայաստանի թիմի դեմ է խաղալու:

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply