Հայաստանի տնտեսական անկումը 14,4 տոկոս. Դաշնակցությունը մեղադրում է, կառավարությունը պաշտպանվում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | January 27, 2010 7:08

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` 2009թ. տնտեսական անկումը կազմել 14.4 տոկոս: ՀՆԱ-ն կազմել է 3 տրլն 165 մլրդ 538 մլն դրամ:

«Մենք նախորդ տարվա համար կանխատեսել էին տնտեսական աճ, բայց ունեցանք անկում,- «Հայացք» ակումբում հրավիրված բանավեճի ժամանակ այսօր լրագրողներին ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը,- դա խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունը բավական խոցելի է էքստրեմալ պայմաններում»:

2009թ. համար կառավարությունը կանխատեսել էր 9,2 տոկոս տնտեսական աճ, սակայն գրանցվեց 14,4 տոկոս անկում:

Մինասյանն ասում է, որ ամբողջ աշխարհում ճգնաժամային իրավիճակներում պետությունը գնում է երկու ճանապարհով. կամ կրճատում է սոցիալական ծախսերը, այսինքն գնում է բյուջեի սեկվեստորի (բյուջեի կրճատում), կամ արտաքին աղբյուրներից վարկեր է ներգրավում և ուղղում տնտեսության աշխուժացմանը:

«Հայաստանը գնաց երկրորդ ճանապարհով, որը դասական մոդել է և կիրառվում է սկսած 1930-ականներից,- ասում է Մինասյանը,- որի արդյունքում չկրճատվեցին սոցիալական ծախսերը, իսկ փոխարենը բացվեցին նոր աշխատատեղեր, որոնք առաջացան պետության պատվիրած շինարարությունների արդյունքում»:

2010թ. Հայաստանը 100 մլն դոլարի վարկ է ստանալու Ռուսաստանից` ադամանդագործության զարգացման համար:

Բանավեճի մասանակից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, դաշնակցական Արա Նռանյանն ասում է, որ Հայաստանի տնտեսության առջև ծառացած խնդիրների լուծման համար կառավարությունը ոչինչ չի անում: «Հայաստանի տնտեսությունը ինչպես կախված եղել է ներմուծումից ու տրանսֆերտներից, այնպես էլ մնում է,- ասում է նա: Երեք անգամ ավելի ներմուծվում է, քան արտահանվում, իսկ արտահանման 70 տոկոսը հումք է»:

Նռանյանն ասում է, որ 2010թ. բյուջեում ոչ մի կառուցվածքային փոփոխություններ արված չեն, և արտահանում –ներմուծում հարաբերակցությունը նույն ձևով պահպանված է, իսկ կառավարության մշակած հակաճգնաժամային միջոցառումները ամենևին էլ հակաճգնաժամային չեն: «Դուք այնտեղ չեք գտնի որևէ նոր միջոցառում, որ արված չէր նախորդ տարիներին,- ասում է Նռանյանը,- ԱԺ-ում ֆինանսների նախարարն ինձ անձամբ խոստովանել է, որ այդ ծրագրերը նույն նախկին ծրագրերն են, ուղղակի այս պայմաններում ավելի ինտենսիվ են կիրառվում»:

Բանավեճի մեկ այլ մասնակից Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը Նռանյանին հակադարձեց, որ եթե պետությունը չմիջամտեր, ապա անկումը ավելի մեծ կլիներ:

«Տնտեսության ակտիվությունը երևում է այնտեղից, թե ինչ արագությամբ նա կարող է կլանել ներարկված վարկային միջոցները,- ասում է Արամյանը,- մենք նախորդ տարի ամռան ընթացքում տնտեսություն ուղղեցինք մոտ 60 մլրդ դրամ, որից 42 մլրդ շատ արագ կլանվեց: Դա էլ հենց խոսում է տնտեսության արձագանքի մասին»:

Միաժամանակ Արամյանն ասում է, որ այս ճգնաժամը ամբողջ աշխարհին, նաև` Հայաստանին ցույց տվեց իր խնդիրները, որոնք լուծելու համար երկարաժամկետ քաղաքականություն է պահանջվում:

«Կառավարությունն այժմ ժամանակ է ձգում, որպեսզի ավելի ակնհայտ դառնա միջազգային տնտեսական առողջացման միտումները,- ասում է Նռանյանը,- ասենք ԱՄՆ-ում անշարժ գույքը թանկանա, որն իր հերթին կանդրադառնա միջազգային տնտեսական իրավիճակի ու Հայաստան մուտք գործող տրանսֆերտների աճի վրա, Ռուսաստանում շինարարության տեմպերը վերականգնեն և այլն: Այսինքն կառավարությունը ձգտում է դեպի նախկին վիճակը»:

ԱՊՀ երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` ԱՊՀ երկրների շարքում ՀՆԱ ամենավատ ցուցանիշը, համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, ունի Հայաստանը, երկրորդ տեղում է Ուկրաինան, ապա Ռուսաստանը:

Նռանյանն ասում է, որ անցյալ տարվա մարտի 3-ի դրամի փոխարժեքի անկումը եթե հաշվի առնվի, ապա Հայաստանի տնտեսական անկումը կկազմի ոչ թե 14,4 այլ ավելի քան 27 տոկոս:

«Մենք վերադարձել ենք 4-5 տարի առաջ ունեցած ցուցանիշին: Իսկ կառավարության գործելաոճը համահունչ չի ներկա իրավիճակին, ձեր գործելաոճը չի փոխվել,- հակադարձում է Նռանյանը,- մենք ասում ենք, որ ոչ թե պետք չի վարկեր վերցնել կամ դեմ ենք կառավարության միջամտությանը տնտեսութունում, այլ նրան, թե ինչպես պետք է վերաբաշխել վերցրած վարկային միջոցները, կամ ինչպես ծախսել: Այս կառավարության գործելաոճը տանում է բիզնեսի խոշորացմանը, ներմուծողների խրախուսմանն ու տեղական արտադրողի պրեսինգին, ուրիշ խոսքով մենաշնորհների ձևավորմանը»:

2010թ. համար կառավարությունը նախատեսել է 1,2 տոկոս տնտեսական աճ, որը ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի գնահատմամբ զգուշավոր կանխատեսում է, քանի որ հնարավոր է այն ավելի բարձր լինի: «Կարծում եմ, որ 2011թ. ընդհուպ կմոտենանք նախաճգնաժամային մակարդակին»,- ասել է նախարար Դավթյանը:

ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը վստահ է, որ 2010թ. տնտեսական աճ չի լինի: Նրա կարծիքով` անկումը կշարունակվի:

Դիտվել է 1360 անգամ:
Print Friendly

Leave a Reply