Վրաստանում հայերը չեն հաճախում հայկական դասարաններ, իսկ Կրասնոդարում դրանք չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 14, 2012 17:38
Վրաստանի հայերը չեն ցանկանում իրենց երեխաներին հայկական դպրոց ուղարկել, իսկ որոշներն էլ փորձում են թաքցնել իրենց ազգային պատկանելությունը: Այդ մասին այսօր` օգոստոսի 14-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թբիլիսիի N131 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհիՄանանա Կարապետյանը:
Նրա խոսքով, աշակերտների թվի նվազման պատճառով հայկական դասարանները կրճատվում են, ինչն էլ հանգեցնում է նրանց փակմանը: Կարապետյանը նաեւ նշեց, որ այդ պարագայում դժվար է որեւէ մեկին մեղադրել, քանի որ Վրաստանի կառավարությունը չի կարող պահել դասարաններ փոքրաթիվ աշակերտներով: Արդյունքում տուժում են երեխաները, ովքեր ստիպված շարունակում են ուսումը վրացերեն, եւ դա բացասաբար է անդրադառնում նրանց կրթական մակարդակի վրա, եւ նրանք ի վիճակի չեն լինում պատշաճ կերպով հանձնել ավարտական քննությունները: Այդ երեխաներից շատերը մնում են առանց ավարտական վկայականի:
Խոսելով աշակերտների թվի կրճատման պատճառների մասին` նա նշեց, որ ինքնին հայկական համայնքը չի կրճատվում, սակայն ծնողներից շատերը նախընտրում են ուղարկել երեխաներին վրացական դպրոցներ, որպեսզի հետագայում բուհ ընդունվելիս խնդիրներ չառաջանան: «Սակայն առանց հայերեն լեզվի եւ գրականության, պատմության այդ երեխաները պարզապես դադարում են հասկանալ, թե ինչ է նշանակում լինել հայ, որոշները նույնիսկ սկսել են թաքցնել իրենց ազգային պատկանելությունը»,- ասաց Կարապետյանը:
Հայերեն լեզվի ուսուցանման խնդրի հետ են բախվում նաեւ Կրասնոդարի երկրամասի հայերը: Ինչպես հայտնեց այնտեղի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը, Ռուսաստանի օրենսդրության համաձայն, հնարավորություն կա ներառել հայերենը հանրակրթական դպրոցներում որպես պարտադիր առարկա միայն այն բնակավայրերում, որտեղ հայերը մեծամասնություն են: Սակայն տեղի իշխանությունները որեւէ գործնական քայլ չեն անում այդ ուղղությամբ: Երեխաները հայերեն են սովորում տեղի կիրակնօրյա դպրոցներում, սակայն համապատասխան ձեռնարկների բացակայության պարագայում դա քիչ արդյունավետ է: Իսկ Հայաստանից ուղարկված ձեռնարկները նախատեսված են հայալեզու աշակերտների համար, մինչդեռ Կրասնոդարի մարզում երեխաները ռուսախոս են:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
