Ադրբեջանից Երևանում կայանալիք ըմբշամարտի աշխարհի գավաթին մասնակցության հայտ չկա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 27, 2010 4:19

Փետրվարի 11-14-ին Երևանի մարզահամերգային համալիրում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի բոլոր  ծախսերը հոգալու է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը և ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը:

Մոտավոր հաշվարկներով կպահանջվի 600 հազար դոլար: Ֆինանսներն օգտագործվելու են նոր մարզագույք, էլեկտրոնոյին տեխնիկա գնելու, պարգևատրման հիմնադրամ սահմանելու և այլ կարիքների համար: Աշխարհի 8 ուժեղագույն հավաքականների մասնակցությամբ կազմակերպվելիք այս ստուգատեսում հանդես են գալու Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Կուբայի, Հունգարիայի, Հայաստանի ներկայացուցիչները:

Դեռևս պարզ չէ` Ադրբեջանը պատվիրակներ ուղարկելու է Հայաստան, թե՞ ոչ: Ստեփանյանը տեղեկացրեց, որ ներկայումս այդ մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն չկա: Նա նաև նշեց, որ մի քանի օր առաջ Թբիլիսում անցկացված Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20-ամյա հանդիսավոր արարողության ժամանակ հանդիպել է Ադրբեջանի ԱՕԿ-ի փոխնախագահին: Վերջինս այդ կապակցությամբ հայտնել է, որ երևանյան ստուգատեսին Ադրբեջանի հավաքականի մասնակցության հարցը թողնված է ըմբշամարտի Ադրբեջանի ֆեդերացիայի հայեցողությանը: Ինչ վերաբերում վերջին շրջանում ըմբշամարտի Ադրբեջանի ֆեդերացիայի ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե իրենց երկրի ըմբիշները չպետք է մասնակցեն Եվրոպայի թիմային առաջնությանը, որպեզի լավ նախապատրաստվեն ապրիլին Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, ապա ՀԱՕԿ-ի փոխնախագահը ասաց. «Դա արդեն ռազմավարական խնդիր է և ամեն երկրի հավաքականի մարզիկները կարող են յուրովի անցկացնել նախապատրաստական շրջանը»:

Ենքոյանն իր հերթին ավելացրեց, որ երկու օրից լրանալու է Եվրոպայի թիմային առաջնության մասնակիցների վերահայտավորման ժամկետը և պաշտոնապես պարզ կդառնա, ադբեջանցիների մասնակցության հարցը: Նա նաև նշեց, որ դրան այդքան էլ չպետք է կարևորություն տալ, քանի որ Ադրբեջանի հավաքականից ուժեղ թիմեր են գալու Հայաստան, իսկ մասնակիցների պակասի դեպքում կարող է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Եվրոպայի առաջնությունում հանդես գալու իրավունք տալ այդ պատվին հավակնող Դանիայի, Շվեդիայի, ՈՒզբեկստանի հավաքականներից մեկին: «Ավելի լավ է մտածենք այն մասին, որ մեր երկրի հավաքականը լավ հանդես գա, իսկ դրա հնարավորությունը կա»,- եզրափակեց ըմբշամարտի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահը:

Դիտվել է 1483 անգամ:
Print Friendly

Leave a Reply