Յոթերորդն ավելորդ է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 14, 2012 15:20
Վաղը Երևանում կայանալիք ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի հավաքականների ընկերական հանդիպումից առաջ այսօր մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում լրագրողներին հանդիպեց մեր երկրի ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Նա նշեց, որ Բելառուսի հավաքականի մարտավարությունն ուսումնասիրել են, ամբողջական տեղեկություններ ունեն: Ընդ որում, աշխարհի առաջնության ընտրական մրցաշարից առաջ մրցակիցն էլ պատահականորեն չի ընտրվել, քանի որ այն խաղում է ապագա հակառակորդների` բուլղարացիների նման, պարզապես, խաղամակարդակն է մի փոքր պակաս:
Ընկերական խաղում մեր թիմը փորձելու է հանդես գալ մոտավոր այնպիսի կազմով, որով խաղալու է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային հանդիպումում` Մալթայի հավաքականի հետ, թեև խանգարում են կադրային խնդիրները: Էդգար Մանուչարյանն ու Գևորգ Կասպարովը վնասվածքների պատճառով նոր են վերսկսել մարզումները, անպատրաստ են, նաև Ռոբերտ Արզումանյանն ու Վարազդատ Հարոյանը և չեն հրավիրվել թիմ, Նորայր Մամեդովն էլ ազգանունը փոխելու, հայկական անձնագրի հետ կապված հարցեր ունի:
Ինչ վերաբերում է Բելառուսի հավաքականի կազմում հայտավորված Անդրեյ Խաչատրյանին, ապա պարզվում է, որ Մինասյանը նրա մասնակցությամբ 10 ահնդիպում դիտել է: Սկզբում մտածել է, որ նա աջ պաշտպան է, սակայն պարզվել է, որ հենակետային կիսապաշտպան է, մինչդեռ, մենք 6 կենտրոնական կիսապաշտպան ունենք և այդ դիրքում հրավիրել 7-րդին անիմաստ է գտել:






Facebook
Tweet This
Email This Post
