Եվրո կառավարություն. տաքսին թանկացնելը եվրոպական արժեք է

ԷՍՍԵ | | January 27, 2010 3:15

Տաքսիները թանկացնել, իսկ մարշրուտնիները չփոխարինել ավտոբուսներով, որ ավելի շատ ժողովուրդ կզած երթևեկի

սա տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի գլխավոր ծրագիրն է, որ ներկայացնում է իր հետ հարցազրույցներում ու ասուլիսներում:
Ճիշտ ա, բառացի չի ասում, բայց էնքան բաց է ասում, որ բառացիի տեղ կարա անցնի: «Արմենիա» հեռուստատեսությամբ նոյեմբերի վերջին էր, հարցազրույցի ժամանակ լրագրողի հետևողական հարցը, թե երբ մարշրուտնեիներին կփոխարինեն ավտոբուսները, նախարար Սարգսյանը սկսեց ցրել, ու մեկ էլ ասեց, որ հայ ազգի մենթալիտետի խնդիր կա: Լրագրողը առանց զարմանքը թաքցնելու հարցնում ա` ի՞նչ մենթալիտետ: Ու նախարարը բացտարում ա` հայերը նախընտրում են արագ գնացող մարշրուտնին ավտոբուսից, տեսեք ավտոբուսները դատարկ են գնում:
Լավ, ասենք Գալուստ Սահակյանի, քյասար գծերի տերերի խաթեր չես ուզում, որ ավտոբուս նստենք, բայց հանուն դրա արժի՞ մեզ իմբիցիլ ներակայցնել, որ իբր կայֆ ենք բռնում մարշրուտնու մեջ կզել, սեղմվել, դեֆորմացվել, որ ինչ ա մեկը մեր մուծած 100 դրամանոցներից մենակ մի գծից ամիսը 5 հազար դոլար ջեբը դնի: Անձամբ ես, ու իմ նման հազարներ երկար կանգնում ենք, որ թաքուբիր ավտոբուս ռաստ գա, թեկուզ կանգնած, բայց չկզած տուն հանսենեք:

Բայց լավ էր, լրագրողը` Կարեն Անդրեասյանը համառեց, հենց նույնը հարցրեց` բայց ինձ շատերն ասում են, որ հենց ավտոբուս ա գալիս, նստում են ու անընդհատ հետաքրքրվում են թե երբ երթուղայիններին կփոխարինեն ավտոբուսներ: Ու ստիպված նախարարը ճշմարտությանը մոտ բան ասեց ` հինգ տարի հետո կփոխարինեն մարշրուտնին ավտոբուսով, բայց անվստահ, երկչոտ, թե նման բան չի կարա լինի, այսինքն նման ծրագիր չկա, մարդիկ դեռ երկար ժամանակ պիտի կզած երթևեկեն ու նվաստանան իրենց իշխանության առաջ:

Հետո նախարարը ավելի մոտեցավ ճշմարտությանը, թե ֆինանսական խնդիր կա և գծի տերերի վրա թանկ կնստի մարշրուտնու տեղը ավտոբուս առնելը: այսինքն, գծերը մոնոպոլիաներ են, ավելի ճիշտ անձեռնմխելի սեփականություն, պետության դուխը չի հերիքի երթուղիների նոր մրցույթներ հայտարարել, որին կմասնակցեն նրանք, ովքեր ավտոբուսներ կներմուծեն կամ առանց մրցույթի, կամ այլ ճանապարհով կառավարությունը ավտոբուսներ առնի, ինչպես ծառայողական 50-70 հազար դոլարանաոց մեքերնա: Իսկ գծի տերերին ձեռ չի տալի փող ծախսել ավտոբուս առնելու վրա, նրանց տանձի՞ն  ա թե ժողովուրդը կզած ա երթևեկում, ինչքան շատ կզցնեն, էնքան պասաժիռ շատ կլինի: Ավելին, պետությանը կստիպեն, որ տաքսիների գները բարձրացնեն, որ կզողները շատանան: Թե խի՞ տաքսի թանկացնելելը չկապեց մենթալիտետի հետ` մեր ազգը արագ հասնելու փոխարեն նախընտրում է թեկուզ մի քիչ ուշ, բայց կզած հասնել:

Բայց նախարարը հո չի ասելու թե մինի ու մեծ օլիգարխների մարշրոտնիների մեջ մեզ կզցնելու համար ա թանկացնում տաքսին, այլ բացատրում ա, թե տաքսին ամբողջ աշխարհում շքեղություն ա, ու Հայաստանում էլ պիտի թանկ լինի: Բայց հոպ, կարա հենց պատճառը աշխարհին նմանվելը լինի, Գուրգեն Սարգսյանը էդքան կա՞ որ որոշի ինչը թանկացնել, ինչը` չէ, ինչ անենք որ Օրինաց երկրից ա: Նա հաստատ վարչապետի ծրագրերն ա ներկայացնում: Օրինակ, վարչապետը Փարզում տաքսի ա նստում, իրեք կմ գնում ա, բռնում ա 15 եվրո` յա, հարցնում ա աշխատակազմի ղեկավարին` էրևանում էսքան քշեին ինչքա՞ն կբռներ: Աշխատակազմի ղեկավարը տաքսի վերջին անգամ ե՞րբ ա նստել, սպասի զանգեմ, զանգում ա Էրևան , հարցնում քարտուղարուհուն, քարտուղարուհին զանգում ա աղջիկան, ու վերջը պարզվում ա որ կբռներ 500-600 դրամ, 15 անգամ ցածր: Վարչապետ դու վարչապետ, զայրանում է, էս ինչ գեղացիություն ա, էս ինչ գավառական մտածողություն, ով ա տեսել տաքսին մի եվրո բռնի, էս խելքով էլ դեմոկրատիա են ուզում, կարգուկանոն են ուզում, սենց երկիր կզարգանա՞: ու հաջորդ քայլը` տրանսպորտի նախարարին հանձնարարում է ներկայացնել տաքսիների գները եվրոպական չափանիշներին հասցնելու հայեցակարգ:

Իսկ եթե կողքից ասող լինի՞ էս հարցում էլ թող Եվրոոպան մեզ նմանվի, տեսնեն, որ գազով տաքսին էժան ա նստում, գազով տաքսիներ աշխատացնեն կամ որ մարդ իրավունք ունի շքեղությունից էժան օգտվել: Վարչապետը ավելի կզայրանա և կտրուկ կասի` հեծանիվ չենք հայտնաբերելու: Մեկ ուրիշն էլ, ավելի մտերիմ, շատ մտերիմ մեկը վարչապետին հարցնի` ախր Երևանում տրանսպորտը էն չի, էս խեղճ ժողովուրդը ճզմված մարշրուտնի են խցկվում, ու որ տեղ չի լինում ստիպված տաքսի են նստում, որտև էժան ա, որ թանկացնես, չեն կարա նստեն, ու տրանսպորտի վիճակը ավելի կվատանա: արի դու մարշրուտնիները փոխարինի ավտոբուսներով, հետո, որ էդքան շատ ես ուզում տաքսիները թանկացրա: Վարչապետը շատ մտերիմ այդ մարդուն կասի` չէ, էդ չեմ կարա, տրանսպորտի փոխնախարար Վալտեր Մարությանի, (որ Սևան-Երևան գիծը մոնոպոլիա ա սարքել ու չի թողնում, որ տաքսու գիծ աշխատի, ինչպես Հրազդան-Երևան գծում, որ մարդ ա 500 դրամով տաքսին չորս պասաժիր ա վերցնում) ու Գալուստ Սահկյանի, Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին խփեմ, էդ իմ ուժերից վեր ա, բայց այ տաքսիները կարամ թանկացնեմ:

Իրեք տարի առաջ էր, երբ մտել էին առաջին ավտոբուսները, ու շինարարներում, որ չերեմուշկի ամենաբանուկ փողոցն ա, համարյա զուգահեռ Հալաբյանի չափ բանուկ, ավտոբուս էր հայտնվել, ուրախացել էինք, բայց մեկ էլ էդ ավտոբուսի համարը անհետացավ շինարարներից ու հայտնվեց Հալաբյանում: Հարևանուհիս ավտոբուսի շոֆեռին հարցրել էր` էս խի՞ Շինարաներով էլ չեք քշում, Հալաբյան մի քանի հատ ավտոբուս կա, իսկ շինարարներում բնակչությունը ավելի շատ ա ու ոչ մի ավտոբուս չկա: Այ մայրիկ ջան, ասել էր շոֆերը, ես ինչ անեմ, Շինարարներով Գալուս Սահակյանի տղի մարշրուտնին ա գնում` 46 համարը, տղեն` Արմանը էս ավտոբուսը հանել ա տվել որ պասաժիր չկորցնի: Հիմա խեղճ վարչապետը ի՞նչ կարա անի, սկի մի ավտոբուս չի կարա մտցնի Շինարարներ, շատ- շատ տաքսիները թանկացնի:

Ընդդիմություն լինի թե իշխանություն, հեչ տանձներին չի, որ ազգը կզցված երթևեկում ա, որտև նրանք չգիտեն ինչ ա կզելը, եթե դաժե նրանց մեջ մարդիկ կան որ կյանքներում մարշրուտնի նստել են, ապա մենակ սովետի վախտով, երբ ավտոբուսը 5 կոպեկ էր, իսկ մարշրուտնին 20 կոպեկ էր ու հարմարավետ տրանսպորտ: Թե՞ գիտի, կզած ժողովուրդը ձեռ ա տալի, ինչքան կզած էնքան հեշտ վրաները իշխանություն հաստատելը, էնքան ընտրությունների ժամանակ նախրի պես ղրկել, թե ում ընտրեն:

Հազար ընտրություն լինի, մեկի ծրագրում չես գտնի` մարշրուտնիները փոխել ավտոբուսներով պարզ նախադասություն, բայց դեմոկրատիայի մասին էջեր կլցնեն:

Մյուս վարչապետը լիներ մեկը, որ մինչև թազա պաշտոնը մարշրուտնիով երթևեկած լինի ու հասկանար թե դա ինչ տանջանք ա:

Բայց նախարարը ցույց տվեց, որ իրանց իշխանությունը Եվրոպայից մենակ օրինակ չի վերցնում այլև որոշ արևմտյան երկրների կարա օրինակ ցույց տա. Հայտարարեց, որ նոր կարգով կարգելվի 10 տարուց ավել տարիք ունեցող մեքենաները որպես տաքսի աշխատացնելը: Նախարարը ինքնագոհ ժպիտեով ասում ա, որ շատ զարգացած երկրներում էլ այս հարցին ուշադրություն չեն դարձրել: Այսինքն, էս հարցում կառավարությունը եվրոպայից առաջ ա ընկել, ու որ մի 2 հազար հոգու հացը կկտրեն, որ տաքսի քշելով տուն ա պահում, էդ հեչ: էլի «տաքսին շքեղություն ա» լոգիկայով են շարժվում, որ մարդ թազա տաքսի նստի հաճույք ստանա:

Ու ես, որ ներվայնացած լսում էի նախարարի դուս տվածը, որ ամեն օր առավոտ գործի գնալուց երկար կանգնում եմ կանգառում, ու չեմ կարում մարշրուտնի նստել, որտև չեն կանգնում, կառտոլի պես մարդկանց խցկած գնում են, որ կանգնեն, դուռը բացեն, կառտոլի պես կզածները կթափեն դուս, ու ստիպված տաքսի եմ նստում, նայում եմ ու էնքան եմ ուզում մի ամիս նախարարին 13 տեղ ունեցող, բայց մեջը 40 պասաժիռ խցկված մարշրուտնու մեջ մտցնեմ ու մարշրուտնին մի շաբաթ առանց կանգնելու տենց ֆռա ու վերջը գնա կանգնի իններորդ մասիվ, բեռնաթափվի, ու նախարարը տաքսի ման գա, որ տուն հասնի, չգտնի:

Մեգապոլիս, համար 1

Դիտվել է 3132 անգամ:
Print Friendly

Leave a Reply