Արցախցի լրագրողները Euronews-ին հիշեցնում են պրոֆեսիոնալ լրագրության կանոնների մասին

Օրվա լուր | | January 27, 2010 0:55

Ադրբեջանական 1news.az պարբերականը լուրեր է տարածել, ըստ որի Euronews հեռուստաընկերության նկարահանող խումբը Ադրբեջանում նկարահանումներ է կատարել Աղդամի և Թարթառի սահմանամերձ շրջաններում: Ադրբեջանական թերթը նշված տարածքները կոչում է «մերձռազմաճակատային» և նշում է, որ եվրոպացի լրագրողների նպատակն է եղել ծանոթանալ այդ տարածքներում բնակվող ադրբեջանցի փախստականների կենսական պայմաններին:
Euronews հեռուստաընկերությամբ դեռևս նման թեմայով ռեպորտաժ չի հեռարձակվել: Չի հերքվել նաև Ադրբեջանում նկարահանումներ կատարելու մասին լուրը:
Ի պատասխան ադրբեջանական կողմի տարածած հայտարարության` Արցախի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է. «Եթե ադրբեջանական քարոզչամեքենայի ոճական հնարքները մեզ այլևս չեն զարմացնում, և կարելի է անուշադրության մատնել հրադադարի ռեժիմում գտնվող տարածքը «մերձռազմաճակատային» որակելը, ապա առնվազն տարակուսանք է հարուցում այն, որ եվրոպական հեղինակավոր լրատվամիջոցը կարող է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում առկա վիճակը միակողմանի ներկայացնել»:
Հայտարարությունում Արցախի լրագրողները հիշեցնում են, որ փաստերի միակողմանի ներկայացումը ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորում է` իրական պատկերը ցույց տալու համար պետք է ծանոթանալ նաև սահմանամերձ հայկական բնակավայրերին պատերազմի պատճառած վնասներին. «Եվրոպական հեռուստալսարանին պետք է մատուցել բացառապես անաչառ տեղեկատվություն, այլապես նույն հեռուստադիտողը թյուրիմացության մեջ կհայտնվի»:

Դիտվել է 1594 անգամ:
Print Friendly

Leave a Reply