«Հրապարակ». ՀԱԿ անդամը Հրանտ Բագրատյանին մեղադրում է գրագողության մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 14, 2012 11:22
«Հրապարակը» գրում է, որ Հայ ազգային կոնգրես դաշինքում նոր խժդժություններ են ի հայտ եկել: Այս անգամ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի շուրջ: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրել է 50 կետից բաղկացած օրենսդրական նախագիծ, որոնք պատրաստվում է ներկայացնել ԱԺ աշնանային նստաշրջանում՝ որպես օրենսդրական նախաձեռնություններ։
Բագրատյանի ներկայացրած նախագծում, օրինակ, կետ կա ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 72 հազար 500 դրամ դարձնելու կամ, օրինակ, ԽՍՀՄ խնայբանկի ավանդների չփոխհատուցված մնացորդը պետական պարտք ձեւակերպելու եւ պարտատոմսեր բաժանելու մասին: «Փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ պարզեցված հարկի կիրարկման եւ այդ հարկի ու հարկային համակարգի փոխկապակցվածության մասին», բանակի, ազատ, չբնակեցված բնակարանների հարկման ու այլեւայլ հարցերի մասին:
«Բոլոր վերը թվարկված օրենքների նախագծերը հեղինակային են՝ իմ կողմից մշակված ծրագրերից։ Բացառությամբ 7-րդի (ազատ բնակարանները հարկելու մասով), որն ինձ հուշել է նախագահ Տեր-Պետրոսյանը»,- ներկայացրել է Հրանտ Բագրատյանը, ինչն էլ դարձել է վեճի առարկա։ Թեեւ այդ ծրագրային կետերի անգամ կեսի կյանքի կոչումն իսկապես միայն դրական ազդեցություն կունենա մեզանից շատերի կյանքում, սակայն մեկ այլ ՀԱԿ-ական մի փոքր նեղսրտել է, որ ապագա բարի գործերի մենաշնորհն իր ձեռքն է վերցրել Հրանտ Բագրատյանը, եւ նրանից պահանջում է չսեփականաշնորհել նախագիծը, քանի որ դրա վրա աշխատել են մի շարք ՀԱԿ-ականներ, այդ թվում՝ ինքը: Խոսքը ՀԱԿ անդամ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի մասին է, ով երկու շաբաթ առաջ փակ նամակ է ուղարկել Հրանտ Բագրատյանին եւ ՀԱԿ քաղխորհրդին՝ պահանջելով շտկել թյուրիմացությունը եւ վերոնշյալ նախագիծը ներկայացնել ոչ թե Բագրատյանի, այլ ՀԱԿ-ի անունից:
Արիստակեսյանը մեզ հետ զրույցում թեպետ սկզբում զարմացավ, թե ով է ՀԱԿ-ի ներքին խոհանոցը բացել մեր առջեւ, ապա ասաց, որ չի ուզում այդ մասին խոսել, քանի որ դա իրենց խնդիրն է, որը կլուծվի, սակայն չկարողացավ դիմանալ գայթակղությանը եւ չխոսել. «Բագրատյանը փորձել է յուրացնել տասնյակ հանձնաժողովականների կատարած աշխատանքը, դա իր մոտ նորություն չէ, նա այդպես սեփականաշնորհեց գիտության ծրագրերը, առողջապահության եւ այլ, դա սովորույթ է, որովհետեւ Բագրատյանը մեծամտության մանիայով է տառապում,-ասաց Արիստակեսյանը՝ շարունակելով:- Իրականում այդ ծրագրերը ՀԱԿ-ինն են, ոչ թե Հրանտ Բագրատյանինը, այն համապատասխանում է ՀԱԿ նախընտրական ծրագրին եւ ՀԱԿ կողմից մշակված ծրագրերին, որոնց վրա աշխատել են ՀԱԿ հանձնախմբերը: Դրանք Բագրատյանի հեղինակային ծրագրերը չեն»:
Ներկայացված 50 կետից քանի՞սն եք ինքներդ հեղինակել,- հարցրինք Արիստակեսյանին: «Կրկնում եմ՝ աշխատանքը կոլեկտիվ է, բայց կոնկրետ ես աշխատել եմ առողջապահության ծրագրի վրա, որտեղ մասնակից չի եղել Հրանտ Բագրատյանը, ղեկավարել է Արարատ Մկրտչյանը: Արդյունաբերության կետերը մեծամասամբ իմ ծրագրերից են, տպված հոդվածներ կան դեռ 1993 թվականից, որոնք նա պարզապես վերցրել եւ տեղադրել է: Այնտեղ կա Բաբկեն Գարոյանի ծրագիրը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ծրագիրը Արմեն Կիրակոսյանի հեղինակած մասն է: Արդյունաբերությանը եւ էներգետիկային վերաբերող կետերը մեծամասամբ իմ հեղինակած ծրագրերի մասն են: Բագրատյանը դրանք բոլորը վերցրել-գումարել է եւ ներկայացնում է իր հեղինակայինը»:
ՀԱԿ-ն արձագանքե՞լ է Արիստակեսյանի նամակներին: «Չնայած արձագանք չկա, բայց ես չեմ պատրաստվում այլ քայլերի դիմել: Ես ուզում էի պարզապես, որ ՀԱԿ-ն իմանա: Ես այսքան բան ասացի, պարզապես, որ իմանան, որ պետք է զգուշանալ Հրանտ Բագրատյանից: Նա շատ է հարգում եւ սիրում իրեն, բայց չի կարելի ուրիշների անվան եւ աշխատանքի շնորհիվ առաջ գնալ»,- եզրափակեց ՀԱԿ անդամը:
Մենք տեղեկացանք, որ ՀԱԿ-ը ոչ միայն չի արձագանքել, այլեւ կուլիսներում քննարկելով, Արիստակեսյանին հասկացրել են, որ սահմանը չանցնի, հակառակ դեպքում «սլոն ի մոսկայի» վիճակում կարող է հայտնվել: Իսկ պաշտոնապես որոշել են բանի տեղ չդնել Արիստակեսյանի նամակը: Ի դեպ, ՀԱԿ քաղխորհրդի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրույցում ըստ էության հաստատեց մեր տեղեկությունը: «Ընդհանրապես ճիշտ չէ նման տիպի հարցերի քննարկումը քաղխորհրդում: Եթե Արիստակեսյանը խնդիր ունի, կարող է Բագրատյանի հետ առանձին խոսել: Կոռեկտ չէ դա քննարկելը»,- նշեց տիկին Սարգսյանը՝ ավելին չմանրամասնելով: Իսկ պարոն Բագրատյանն ընդհանրապես հրաժարվեց այս հարցին անդրադառնալ:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
