Վարչապետի բլոգում. Ախպոր պե~ս… :)

Շաբաթվա լուր | | January 26, 2010 2:03

«Անկեղծ ասած` ինձ համար կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի և գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից»:

Բլոգ ստեղծելուպատճառը առաջին գրառման մեջ բացատրում է վարչապետ Տիգրան Սարգսյանն ու դառնում այն քիչ թվով հայ քաղաքական գործիչներց, որոնք հանդես են գալիս որպես բլոգեր:

Վերջին օրերին մամուլում և բլոգոսֆերայում ամենաշատ քննարկվող թեմաներից է վարչապետի` livejournal բլոգային տիրույթում բացված բլոգը:

Ըստ բլոգեր Սամվել Մարտիրոսյանի`(kornelij) livejournal-ում կա գրանցված մոտ 3500 հայ բլոգեր, նրանցից մոտ 1500-ը գրառումները թարմացնում է շաբաթը մեկ, 300-ը` ամեն օր:

Վարչապետ Սարգսյանի բլոգը բացվել է 2009թ. դեկտեմբերի 25-ին, սակայն առաջին գրառումն արված է հունվարի 14-ին:

Վարչապետի օգնական Արամ Անանյանն «Անկախին» ասաց, որ բլոգը վարելու և մեկնաբանություններին պատասխանելու է անձամբ վարչապետը. «բլոգը անձնական տիրույթ է»:

Անանյանն ասաց, որ վարչապետ Սարգսյանի բլոգը պարբերաբար թարմացվելու է: «Այնտեղ կբարձրացվեն հասարակությանը հուզող բազմաթիվ խնդիրներ,- ասում է Անանյանը,- բնականաբար եթե մի անգամից տրվի 500 հարց, բոլոր հարցերը մեկ գրառման մեջ պատասխան չեն գտնի, սակայն աստիճանաբար բոլոր հարցերն էլ կստանան իրենց պատասխանները: Հնարավոր է մեկ հարցի պատասխանից ծնվի մի պոստ(գրառում)»:

Վարչապետը գրում է. «Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ: Ենթադրում եմ` մենք փոխադարձ ուշադրության պահանջ ունենք, դա նշանակում է, որ մեր շփումը հետաքրքիր է լինելու»:

livejournal-ում բլոգ ունի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը , որը բացվել է 2008թ. մարտի 10-ին մարտի մեկյան իրադարձությունների վերաբերյալ հարցերին պատասխանելու համար, վերջին գրառումն արված է 2008թ. մարտի 26-ին:.

Այստեղ բլոգ ունի նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որի բլոգն էլ նախագահինի պես «մեռած» վիճակում է:

Երևանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին` WordPress բլոգային տիրույթում, բլոգ բացեց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, սակայն այն նույնպես չթարմացվեց:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ստացած 270 մեկնաբանությունները ցույց են տալիս, որ նա ջերմ ընդունելության արժանացավ Լայվ ժուռնալի բլոգերների ու այլ մարդկանց կողմից: Վարչապետը անխտիր հաստատում էր իրեն ընկերություն առաջարկողներին: Այժմ նա ունի 206 ընկեր:
Լայվ ժուռնալի ամենահին բլոգերներից Տիգրան Քոչարյանն(pigh) ասում է, որ livejournal-ում չի դիտարկում Տիգրան Սարգսյանին որպես վարչապետ:

«Ես նրան դիտարկում եմ որպես բլոգեր Տիգրան Սարգսյան, որի հետ մենք կարող ենք ոչ ֆորմալ շփվել»,- ասում է նա:

Իսկ մի այլ բլոգեր Տիգրան Սարգսյանին խորհուրդ տվեց ավատարի նկարը փոխել .«Պարոն Սարգսյան, խորուրդ կտամ ավատարկեն դնեք առանց փողկապի նկար, թե չէ մարդիկ չեն ընկալում ձեր բլոգը որպես ոչ ֆորմալ շփման միջավայր»:

Ոչ պաշտոնապես շփվելու մտադրությունների մասին հայտնում է նաև ինքը` Տիգրան Սարգսյանը, փոքր և միջին բիզնեսի վերաբերյալ ուղղված ռուսերեն հարցին պատասխանելով. «Не хотел бы превращать блог в официоз. С программой правительства можете ознакомиться здесь http://www.gov.am/files/docs/82.pdf»:

Բլոգոսֆերայում լայնորեն քննարկվեց նաև վարչապետի ոչ ֆորմալ ձևի մեջ արված «Ախպոր պե~ս… 🙂» արտահայտությունը, որով նա արձագանքեց մի անանուն և երկարաշունչ քոմենթի, որի մեջ ասվում է. «… Մտավախություն ունեմ, որ դրանք կմնան չիրացված, քանի որ երբեք ազատորեն չեք կարողանա հայտնել թե ինչի մասին եք իրականում մտածում, եւ դարձյալ կունենանք պարտադրված կարծիք, պարտադրված խոսքեր: Եկեք փորձենք ստուգել պատասխանել… »:

Ինչու՞ Լայվ ժուռնալում.

«Վարչապետն ընտրեց Լայվ ժուռնալը, որովհետև նախ այս տիրութը ամենապոպուլյարն է Հայաստանում,- ասում է բլոգեր Սամվել Մարտիրոսյանը ,- և, հետո այստեղ հավաքված է քաղաքական- հասարակական ակտիվ մի զանգված, որը ինչ-որ ազդեցություն ունի հասարակությունում որևէ հարցի շուրջ կարծիք ձևավորելու հարցում»:

Տիգրան Սարգսյանը իրեն ուղղված որոշ հարցերի աստիճանաբար պատասխանում է : Մի անանուն քոմենթ ասում է. « ….հայերը չեն մեկնել Հայիթի, պատճառի մասին ինֆորմացիա չկա։ Եթե «Ազատությունը» ճիշտ է գրել, ապա ԻՆՉՈ՞Ի մերոնք չեն մեկնել՜ Բա ամոթ չի՞։ Ամբողջ աշխարհն է մեզ օգնել, մի՞թե չէինք կարող մենք էլ մեկ ուրիշին օգնել, կամ գոնե չասել, որ օգնելու ենք, կամ գոնե ասել, որ ուզում էինք օգնել, բայց այս կամ այն պատճառով չստացվեց… Կամ գոնե ասել. փրկարարների փոխարեն գումար կուղարկենք… Ամո՜թ է, ամո՜թ…», վարչապետը պատասխանում է. «Նորություններին հետևեք հինգշաբթի օրը»:

Իսկ հինգշաբթի` հունվարի 21-ին տեղի ունեցած կառավարության նիստում որոշում կայացվեց հունվարի 12-ին Հայիթիի երկրաշարժի տուժածներին հատկացնել 100 000 ամերիկյան դոլար` կառավարության պահուստային ֆոնդից:

Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ վարչապետի համար բլոգը կարող է լինել PR –ի գործիք` ծառայելով նրա անձի` որպես քաղաքական գործչի հանրայնացմանը:


Հարկայինի թանկանոց խրախճանքը. կառավարության նոր որոշմամբ ճոխ նվերներ տալը կդժվարանա


Տիգրան Սարգսյանի բլոգում դրված է նաև Գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվների մասին հունվարի 21-ի կառավարության նիստի մի հատված, ուր փոփոխություններ  կատարվեց  1999թ. «ՀՀ պետական և այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման վերահսկողության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնում է աղմուկ հանած Պետ եկամուտների կոմիտեի ամանորյա միջոցառումների ծախսերին: Կոմիտեն 29 միլիոն 500 հազար դրամ է ծախսել, իսկ իր աշխատակիցների նվերների վրա ծախսել է 45 միլոն 667 հազար դրամ, այս գումարից դուրս աշխատակիցներին` 21 միլիոն 261 հազար դրամ ժամացույցներ:
Այս և մյուս գերատեսչությունների ծախսերը դրվել է կառավարության կայքում բացված «Թափանցիկ կառավարում» խորագրում, որտեղ առաջին անգամ հրապարակայնորեն(շչյոտ ֆակտուրաներով) ներկայացված են ՀՀ տարբեր պետական ատյանների գնումների հայտերը(ծառայություն, աշխատանք, ապրանք)։

Բլոգեր dabavog-ը կասկած է հայտնում, թե այդ հսկա գումարը ամբողջությամբ նվերների վրա է ծախսվել.« եթե պետեկամուտների աշխատակազմը՝ 270 հոգի է, ապա մարդ ա ստացել են. 13 կգ կոնֆետ, 40 տուփ կոնֆետ, 17 շիշ արաղ/կոնյակ/շամպայն: Հարց պետեկամուտների համակարգի աշխատողներին. ձեզ հասե՞լ են այդ նվերները: Եթե հա՝ անուշ լինի, հարց չունեմ»:

Տնտեսագետ Հարություն խաչատրյանն ասում է, որ սա մեկ քայլ առաջ է դեպի թափանցիկություն, և քաղաքացիները այժմ ավելին կարող են իմանալ, թե ինպես է ծախսվել այս կամ այն գումարը:

Սարգսյանը տեսագրության մեջ ասում է. «Պետական եկամուտների կոմիտեն և մեր մնացած գերատեսչությունները, որոնք ունեն արտաբյուջետային ֆոնդեր, մինչեւ օրս իրավասություն ունեին ինքնուրույնաբար որոշել, թե ինչ ծախսեր են նրանք իրականացնում։ Ըստ էության, մենք չէինք կարողանում վերահսկել, թե այդ միջոցների հաշվին ինչ ծախսեր են ծրագրում իրականացնել մեր գերատեսչությունները։ Առաջին քայլը, որ մենք իրականացրեցինք եւ որն իր դրական արդյունքն արդեն իսկ տալիս է, այն է, որ հրապարակային ենք դարձրել արտաբյուջետային բոլոր ծախսերը։ Նույնիսկ այն ծախսերը, որոնք վրիպում են ֆինանսների նախարարության ուշադրությունից, դառնում են հանրության քննարկման առարկա։ Եվ ՊԵԿ-ի այս դեպքը դրա վառ ապացույցն է»:

Կառավարության նոր որոշմամբ գերատեսչություններն այլևս զրկվում են արտաբյուջետային գումարները ինքնուրույն տնօրինելուց, և եթե որևէ նախարարություն ցանկանա իր աշխատակիցներին 3 հազար դոլարանոց ժամացույց նվիրի, ապա այն պետք է հաստատի կառավարությունը:

Խաչատրյանը ասում է, որ կառավարության այս որոշման ընդունման վրա ազդեց բլոգոսֆերայում ու մամուլում բարձրացված աղմուկը:

Դիտվել է 2725 անգամ:
Print Friendly

Leave a Reply