Մարզիչներն հաղթանակի հարցում նախապատվությունը տալիս են իրենց գլխավորած թիմերին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 13, 2012 13:39

Օգոստոսի 15-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում  ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալելու է  Բելառուսի ազգային  ընտրանուն: Ընկերական այդ խաղում մարզիչներն հաղթանակի հարցում նախապատվությունը տալիս են իրենց գլխավորած թիմերին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարֆդան Մինասյանը Բելառուսի հավաքականի հետ խաղից առաջ մեր թիմի համար իրավիճակն այնքան էլ նպաստավոր չի համարել: Նա գտնում է, որ պաշտպանությունում երկու կենտրոնական պաշտպանների բացակայության պարագայում, պետք է զանազան տարբերակներ որոնել: Բացի այդ,  որոշ խաղացողների մարզավիճակի հետ կապված որոշակի խնդիրներ կան` Արազ Օզբիլիսը նոր թիմ է տեղափոխվել, Դավիթ Մանոյանը նույնպես չի խաղում, բացի այդ, Մանուչարյանն ու Կասպարովը վնասվածքներ ունեն և չեն հրավիրվել: Այդուհանդերձ, Մինասյանը գտնում է, որ Բելառուսի դեմ ստուգողական խաղը աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներից առաջ  մեր երկրի հավաքականի վերջին մրցելույթն է և այն պետք է փորձի լավ խաղ ցուցադրել:

Բելառուսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գեորգի Կոնդրատևն այսօր հանդիպել է զանգվածային լրատվամիջոցների ներկայցուցիչներին և խոսել Հայաստանի ազգային հավաքականի հետ առաջիկայում կայանալիք խաղից ակնկալիքների մասին:
Նա նշել է, որ Հայաստանի հավաքականը լավ թիմ է, հաճույքով է խաղում: Ղազախստանի ու Մակեդոնիայի ընտրանիների հետ հաղթած խաղերում հոյակապ տպավորություն է թողել, այն արագ է և տեխնիկապես լավ պատրաստված: Այդուհանդերձ, մարզիչը նշել է, որ հաղթելու համար են պայքարելու: «Միշտ խաղում ենք հաղթանակի համար: Նրանք ավելի լավ են պատրաստ տեխնիկապես, մենք՝ ֆիզիկապես: Կարծում եմ, որ ընկերական խաղերում հաղթում է նա, ով ավելի շատ է դրան ձգտում»,- ասել է Կոնդրատևը:

 

Դիտվել է 1405 անգամ:
Print Friendly

Leave a Reply