Օմբուդսմենին ամենից շատ դիմել են ոստիկանության դեմ ուղղված բողոքներով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 15, 2009 19:45

ՕմբուդսմենՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այս տարվա առաջին 5 ամիսներին ստացել է 1.448 դիմումբողոք, որոնցից 468-ը` գրավոր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դիմումների ուսումնասիրության և հետազոտության արդյունքում քննարկման է ընդունվել 167, փոխանցվել է այլ մարմինների 11, չի ընդունվել քննարկման 171, ուսումնասիրության ընթացքում է 56, դիմումատուի խնդրանքով չի քննարկվել 6 դիմումբողոք:

Նույն ժամանակահատվածում դրական լուծում է ստացել 32 դիմումբողոք, ինչի արդյունքում վերականգվել են 84 անձանց խախտված իրավունքները: Պաշտպանի գրասենյակից պատկան մարմիններին ուղղված նամակների թիվը կազմել է 439:

Վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում առավել մեծ թվով դիմումներ ստացվել են` ուղղված ՀՀ ոստիկանության (81), դատարանների (62), աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության (56), Երեւանի քաղաքապետարանի (37), արդարադատության նախարարության (27) գործունեության դեմ:

Քիչ բողոքներ են ստացվել` ուղղված կրթության եւ գիտության նախարարության (3), պետական եկամուտների կոմիտեի (4), Ազգային անվտանգության ծառայության (5) եւ ՀՀ կառավարության (5) գործունեության դեմ:

Նույն ժամանակահատվածում 69 դեպքում խախտվել է մարդկանց բավարար կենսամակարդակի, բնակարանի եւ կենսապայմանների բարելավման, 42 դեպքում` հրապարակային դատական քննության, 33 դեպքում` սեփականության, 32 դեպքում` սոցիալական ապահովության, 7 դեպքում` բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու, 6 դեպքում` ընտրելու իրավունքը և այլն:

Վերոհիշյալ ժամանակահատվածում խոցելի խմբերից պաշտպանն ստացել է 20 դիմումբողոք, այդ թվում` 8-ը` սոցիալապես անապահով խմբերից, 5-ը` փախստականներից, 4-ը` երեխաներից, 2-ը` հաշմանդամներից, 1-ը` բռնադատվածներից:

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply