Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությանը մրցել են 124 ըմբիշներ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | January 25, 2010 2:28
Երևանի խուլ-համրերի պալատի մարզասրահում շաբաթ և կիրակի օրերին անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության ստուգատեսում կարողությունները փորձեցին ռեկորդային թվով մասնակիցներ` 124 ըմբիշներ. նախորդ հանգստյան օրերին նույն մարզաբազայում կազմակերպված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում ուժերն էին չափել 98 մարզիկներ:
Ադլերցի Աշոտ Տերտերյանը (55 կգ) և կրասնոդարցի Դավիթ Սաֆարյանը (66 կգ), եզրափակիչում պարտվելով համապատասխանաբար Միհրան Ջաբուրյանին և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ժիրայր Հովհաննիսյանին, բավարվեցին 2-րդ տեղով: Իսկ Մախաչկալան ներկայացնող Հաջիմուրադ Նուրմահոմեդովը, պարտվելով ապագա չեմպիոնին` վլադիկավկազցի Վադիմ Լալիևին, զբաղեցրեց 3-րդ տեղը: Լալիևը Հայաստանի դրոշի ներքո արդեն հանդես է գալիս 4 տարի: Նույնքան ժամանակ է, որ Հայաստանի հավաքականում է վլադիկավկազցի գերծանրքաշային ըմբիշ Ռուսլան Բասիևը:
2009-ի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնն առաջին անգամ էր մասնակցում Հայաստանի առաջնությանը և դարձավ չեմպիոն: Պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեցին նաև Արթուր Առաքելյանը (60 կգ), Դավիթ Պապոյանը (74 կգ), Էդգար Ենոքյանը (96 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտնեց, որ չեմպիոններից ոչ մեկը չի ապահովել իր տեղը մեր երկրի գլխավոր թիմում, որն ապրիլին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը: Ւսկ հավաքականում ընդգրվելու են նրանք, ովքեր հաջող կմասնակցեն առաջիկա միջազգային փորձություններին:
Հայաստանի ընտրանին փետրվարի 3-17-ը ուսումանամարզական հավաք է անցկացնելու Իրանի մայրաքաղաք Թեհրանում, ապա մասնակցելու է փետրվարի 18-20-ին կայանալիք միջազգային մրցաշարին: Հայաստանի հավաքականի մարզիչը գոհ էր հրավիրված ըմբիշների պատրաստականության մակարդակից և հայտնեց, որ նրանք կընդգրկվեն մեր երկրի հավաքականի թեկնածուների թվում:






Facebook
Tweet This
Email This Post
