Հայաստան-Ֆրանսիա, հանդբոլ. համագործակցության նոր հեռանկարներ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | January 22, 2010 3:19
Փարիզում համագործակցության պայմանագիր են ստորագրել «Աջակցություն Հայաստանի հանդբոլին» նորաստեղծ կազմակերպության և հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարները:
«Աջակցություն Հայաստանի հանդբոլին» կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բնակվող մեր հայրենակից հանդբոլիստների և մարզասերների: Նպատակը մեկն է` գործուն աջակցություն դրսևորել հանդբոլը Հայաստանում զարգացնելու համար:
Ֆրանսիայի ներկայացուցիչները հանդբոլից եղանակ են ստեղծում աշխարհում, հաղթել են ամենաներկայացուցչական ստուգատեսներում, օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում: Հանդբոլի Ֆրանսիայի առաջնությունում 12 դիվիզիոն է:
Ֆրանսիական կողմը պարտավորվել է ի հայտ բերել տարբեր տարիքային խմբերի խաղացողների, որպեսզի նրանք ընդգրկվեն Հայաստանի հավաքական թիմերում, մասնակցեն եվրոպական ստուգատեսների:
Անցյալ տարի Ֆրանսիա էին այցելել հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը և այդ կազմակերպության փոխնախագահ Հարություն Մելքոնյանը և հանդիպել հայ հանդբոլիստներին, նրանց մասնակցությամբ երկկողմանի խաղեր դիտել և մարզիկների ընտրություն կատարել: Այս անգամ էլ նույնն արվեց, սակայն փոքր ինչ ավելի ընդգրկուն ծրագրով: Ամեն օր մարզումներ և խաղեր էին անցկացվում: Հայաստանի պատվիրակության կազմում էին նաև հանդբոլի մեր երկրի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը և 5 մարզուհիներ, որոնց միացած Ֆրանսիայի 2-րդ դիվիզիոնի ակումբներում հանդես եկող 3 խաղացողներ ու միացյալ երկու հանդիպում անցկացրեց: Մերոնք Իսիլիմուլինոյում պարտվեցին տեղի թիմին և ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը «Մոյն Կոլոմբես» ակումբի հետ` 13:13:
Համագործակցության ծրագիր է մշակվել 6 տարով: Գարնանը Ֆրանսիայից մասնագետ է ժամանելու, որպեսզի Հայաստանի մարզիչների հետ սեմինար անցկացնի: Մարտին մեր երկրի միացյալ հավաքականը մասնակցելու է Իսրայելում կայանալիք «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարին: Իսկ Հայաստանի պատանի հանդբոլիստները մայիսին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում խաղալու են մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցաշարում:






Facebook
Tweet This
Email This Post
