Գյումրու գործող քաղաքապետը չառաջադրվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 11, 2012 16:34
Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` չնայած շրջանառվող տարաբնույթ տեղեկություններին, այնուամենայնիվ չառաջադրվեց:
Այդ մասին հայտնի դարձավ, երբ ավարտվեց սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման համար սահմանված ժամկետը:
Առաջադրման վերջին օրը Գյումրիում ինքնաառաջադրվել են քաղաքապետի երեք թեկնածուներ` անկուսակցականներ Սպարտակ Պետրոսյանը, Ռաֆայել Ասատրյանը,գործարար Անդրանիկ Ավետիսյանը: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Այսպիսով` Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրված է 5 թեկնածու. վերոհիշյալ երեքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ավելի վաղ առաջադրված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը և ինքնաառաջադրված ՀՅԴ անդամ, Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը:
Արթիկում, որտեղ մինչև առաջադրման վերջին օրը, որևէ թեկնածու չէր առաջադրվել, օգոստոսի 10-ին ինքնաառաջադրվել են ՀՀԿ անդամներ` գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը և Սոցիալական ապահովության պետական ծառայության Արթիկի տարածքային բաժնի պետ Արսեն Աբրահամյանը:
Նշենք, որ Շիրակի մարզի 119 համայնքներից 113-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:





Facebook
Tweet This