Դատախազությունը ստուգումներ է իրականացնում խանութներում «Mein Kampf» գինու հայտնվելու փաստով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 11, 2012 16:29
Իտալիայի ինտեգրացիայի նախարար Անդրեա Ռիկարդին ստիպված է եղել համոզել ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկներին, որ իր երկրի Սահմանադրությունը արգելում է ռասիզմի, հակասեմիտիզմի և նացիզմի ցանկացած դրսևորում այն բանից հետո, երբ Իտալիայի հյուսիսում հանգստացող ամերիկացի կինը սուպերմարկետում հայտնաբերել է գինի, որի պիտակի վրա պատկերված է եղել Ադոլֆ Հիտլերը: Գինու շշերից մեկը կրում էր Հիտլերի հայտնի գրքի անունը` «Mein Kampf» («Իմ պայքարը»), իսկ մյուսը` «Ein volk, ein Reich, ein Fuhrer» («Մեկ ազգ, մեկ Ռեյխ, մեկ ֆյուրեր»):
«Pravo.ru»-ի փոխանցմամբ, «Daily Mail» գրում է, որ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում իր ազգականներին կորցրած զբոսաշրջիկ կնոջ հարցին ի պատասխան, թե ինչով է պայմանավորված վաճառքում նման գինու հայտնվելը, վաճառողը պատասխանել է, որ «սա պարզապես պատմություն է, ինչպես Մուսոլինին կամ Չե Գևարան»:
Այդուհանդերձ, քաղաքագետներն ավելի քան լուրջ նշանակություն են տվել կատարվածին: «Սա վիրավորում է միլիոնավոր մարդկանց հիշատակը և կարող է ազդել արտերկրում Իտալիայի իմիջի վրա»,- նշել է նախարար Ռիկարդին` մեկնաբանելով միջադեպը:
Խանութում նման արտառոց ապրանքի հայտնվելու փաստի ստուգմամբ արդեն իսկ սկսել են զբաղվել իրավապահ մարմինները:
Իտալիան ֆաշիզմի հանցագործությունների համար պաշտոնապես ներողություն է խնդրել 1957թ.-ին, սակայն, ինչպես նշել է դատախազ Մարիո Ջուլիո Սկինայան, այս դեպքի կապակցությամբ ավելի կիրառելի է «մարդկային բթամտության հանցագործություն»-ը:
«ՓԱՍՏԻՆՖՈ»:






Facebook
Tweet This
Email This Post
