Վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն բլոգ ունի

Օրվա լուր | | January 18, 2010 5:49

Վարչապետ Տիգրան Սարգսյանը livejournal բլոգային տիրույթում արդեն ունի իր բլոգը:

Չնայած, որ բլոգը ստեղծվել է  11 .25. 2009թ., իսկ միակ գրառումն արվել է հունվարի 14-ին, բայց այդ մասին լուրն իմացվեց այսօր ու կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում:

Առաջին գրառման մեջ վարչապետը բացատրում է բլոգ ստեղծելու և վարելու պատճառը. «Անկեղծ ասած` ինձ համար կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի և գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից»:

Վարչապետի օգնական Արամ Անանյանը «Անկախին» ասաց, որ վարչապետի բլոգը վարելու և քոմենթներին  անձամբ պատասխանելու է վարչապետը. «բլոգը անձնական տիրույթ է»:

Անանյանն ասում է, որ վարչապետի բլոգը պարբերաբար թարմացվելու է:   «Այնտեղ կբարձրացվեն հասարակությանը հուզող բազմաթիվ խնդիրներ,- ասում է Անանյանը,- բնականաբար եթե մի անգամից տրվի 500 հարց, բոլոր հարցերը մեկ գրառման մեջ պատասխան չեն գտնի, սակայն աստիճանաբար բոլոր հարցերն էլ կստանան իրենց պատասախանները»:

Առաջին գրառման այդ մասին հաստատում է նաև վարչապետը. «Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ: Ենթադրում եմ` մենք փոխադարձ ուշադրության պահանջ ունենք, դա նշանակում է, որ մեր շփումը հետաքրքիր է լինելու»:

Վարչապետի բլոգը ուրախությամբ ընդունվեց լայվժուռնալի բլոգերների կողմից: Բոլորն իրենց քոմենթներում ողջունում էին վարչապետի գալուստը բլոգոսֆերա: Եթե առավոտյան կողմ վարչապետը ընկերներ չուներ, ապա այս պահի դրությամբ նրա ընկերների ցուցակը բաղկացած է 107 հոգուց, իսկ ստացված են ողջույնի և բարեմաղթանքի բովանդակությամբ 84 քոմենթ:

Դիտվել է 1449 անգամ:
Print Friendly

Leave a Reply