Սիրիահայ երեխաներն արդեն Հայաստանում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 10, 2012 11:10

ՀՀ կառավարության հրավերով օգոստոսի 9-ին Հայաստան են ժամանել 120 սիրիահայ երեխաներ, ովքեր իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում:

ՀՀ կառավարության հրավերով օգոստոսի 9-ին հայկական ավիաուղիների` «Արմավիայի», հատուկ չվերթով Դամասկոսից Երևան են ժամանել 120 սիրիահայ երեխաներ: Նրանք իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում: Այս պահին ընթանում են նրանց տեղավորման աշխատանքները: Այս մասին, ի պատասխան «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցի, հայտնեց սիրիահայ երեխաների ընդունման հարցով պատասխանատու` ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Հիշեցնենք, որ կառավարության նույն օրն առավոտյան կայացած նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել էր, որ այսօր առաջին ինքնաթիռն է ուղարկվել` սիրիահայ երեխաներին ամառային հանգստի բերելու համար: Նշվել էր նաև, որ կառավարության նախորդ նիստում այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել են միջոցներ։

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալն էլ տեղեկացրել էր, որ նախապատրաստական աշխատանքներն ընդհանուր առմամբ կատարված են: Ըստ նրա, ճամբարը պատրաստ է ընդունել երեխաներին, իսկ համապատասխան նախարարությունները, մասնավորապես, ՀՀ առողջապահության, սփյուռքի, արտաքին գործերի, և ոստիկանությունն իրենց մասով բոլոր աշխատանքները կատարել են։ Ձևավորված է փոքր աշխատանքային խումբ` օպերատիվ բոլոր հարցերը լուծելու նպատակով։ Կոտայքի մարզպետարանը նույնպես ապահովելու է առողջապահական ծառայություններ մարզում, իսկ Առողջապահության նախարարությունն էլ դիմավորում և մինչև ճամբար տեղափոխում է երեխաներին։ Երևանի քաղաքապետարանը օժանդակել է տրանսպորտային միջոցներ հատկացնելու հարցում։

Փոխնախարարը նաև հայտնել էր, որ Սիրիայի դեսպանը տեղեկացված է և ցանկություն է հայտնել անձամբ դիմավորել երեխաներին։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն էր հայտնել մասնավոր հատվածին, քանի որ այս ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Նա շնորհակալություն էր հայտնել նաև «Պրոմեթեյ» բանկին` առաջին չվերթը ֆինանսավորելու համար։

«Մենք մտադիր ենք ևս երկու ինքնաթիռ ուղարկել Սիրիա, և այս անգամ արդեն Հալեպից շուրջ 300 երեխա նույնպես պետք է տեղափոխենք Հայաստան, որպեսզի կազմակերպենք նրանց հանգիստը»,-ասել էր Տ. Սարգսյանը` հավելելով, որ դա պայմանավորված է բազմաթիվ խնդիրներով, և Հայաստանի կառավարությունն օպերատիվ կերպով կարգավորում է դրանք։

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply