Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 10, 2012 10:31
Այս տեղեկությունը մենք ստացել ենք բավականին օրեր առաջ, սակայն այն տպագրելու համար լուրջ ապացույցներ էին հարկավոր, ինչպես նաեւ համոզվածություն, որ այն համապատասխանում է իրականությանը: Շուրջ մեկ ամիս մենք մեծ զգուշությամբ հետաքննություն ենք կատարել: Մի քանի անգամ տրամագծորեն հակառակ եզրակացություններ արել եւ անգամ տպագրելիս կասկածում ենք, որ ճիշտ ենք վարվում, եւ հենց «Հրապարակի» էջերից պետք է այս լուրը տարածվի: Սակայն բարձրաձայնելով այս մասին՝ մենք ելնում ենք մի քանի նկատառումներից. նախ, մարդու մահը թաքցնելը համարում ենք անհարգալից վերաբերմունք գրողի ու պետական գործչի նկատմամբ, իսկ Վանո Սիրադեղյանն արժանի է, որ իր կյանքն ու մահը համապատասխան արժեւորման ենթարկվեն, եւ իր հիշատակը խնկարկվի: Երկրորդ՝ եթե այնուամենայնիվ այս տեղեկությունը ճշմարիտ չէ (հուսանք), ապա շուտով նրա ողջ առողջության ապացույցներ կներկայացվեն հանրությանը, եւ կամ ինքը որեւէ կերպ կարձագանքի:
Եվ այսպես, ինչ ենք պարզել մենք: Ի սկզբանե Վանո Սիրադեղյանի հետ կապ ունեցողների ցանկը եղել է շատ սահմանափակ: Անգամ մտերիմ ընկերների մեջ կան մարդիկ, ովքեր վիրավորված են, որ իրենց չի թույլատրվել առնչվել, գոնե՝ էպիզոդիկ բնույթի կամ նամակագրության տեսքով: Այն անձինք, ովքեր կապի մեջ են եղել՝ հոգալով նրա մասին, ամեն ինչ արել են, որ Սիրադեղյանի տեղն իմացողների քանակը նվազագույնի հասցվի: Այն տեսակետը, թե Սիրադեղյանն իր համար ազատ, անարգել ու ապահով ապրում է եվրոպական երկրներից մեկում, իրականությանը չի համապատասխանում: Նա այս ամբողջ ընթացքում խոր ընդհատակյա կյանքով է ապրում եւ, որքան հասկացանք, առանձնապես շփվելու ցանկություն էլ չունի:
Նրա մտերիմ ընկերներից մեկը, ով մոտ 3 տարի առաջ է վերջին անգամ տեսել նրան, ասում է, որ Սիրադեղյանը տեղեկացված է հայաստանյան իրականության մասին եւ մեծ հույսեր չի կապում երկրի ապագայի հետ: Ինչ-որ պահից այլեւս նրա հետ որեւէ առնչության մասին տեղեկություններ հայտնաբերել չի հաջողվել: Ենթադրում ենք, որ անգամ նրա ընտանիքի անդամների մի մասը չգիտեր նրա տեղը, եւ տարիներ շարունակ չեն տեսել նրան: Մենք, բնականաբար, չենք հրապարակում այն անձանց անունները, որոնց հետ զրուցել ենք այս թեմայով. նրանց մի մասը կտրականապես հրաժարվեց որեւէ բան խոսել:
Մյուսները խնդրեցին՝ հարցեր չտանք, քանի որ թեման ցավոտ է: Սակայն այն նեղ շրջանակը, որը կարող էր տեղյակ լինել Վանոյի մասին, նրա մահվան վերաբերյալ հարցից անակնկալի չեկան, թեեւ ժխտեցին փաստը: Մենք, բնականաբար, առաջին հերթին տեղեկությունը փորձեցինք ճշտել նրա կնոջից՝ Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանից: Փոքրիկ զրույցը ներկայացնում ենք ձեզ:
– Վերջերս Վանո Սիրադեղյանի անվան շուրջ ակտիվություն է սկսվել: Ձեր կարծիքը հետաքրքիր է: Ինչպե՞ս եք վերաբերվում Վանո Սիրադեղյանի վերադարձի շուրջ ստորագրահավաքին, այն բանին, որ հանկարծ բոլորը նորից սկսեցին խոսել Վանոյի մասին:
– Չգիտեմ ինչ ասեմ: Երբ որ նա այստեղ էր, ցեխ էին շպրտում, հիմա էլ որ չկա, աղմկում են, ուզում են, որ գա: Դե, երեւի պետք է մարդկանց, որ չեն մոռանում: Չեմ ուզում այս թեմայով ոչինչ խոսել:
– Երկու տարի է՝ Վանոն լուռ է: Առաջ գոնե հոդվածներ էր գրում: Ինչո՞ւ հիմա չի խոսում:
– Ի՞նչ իմաստ ունի, որ խոսի: Ի՞նչ ասի: Ինչ որ պետք էր, նա արդեն ասել է:
– Նույնիսկ խոսակցություն եղավ, որ գնում է իրենց գյուղ, Երեւան է գալիս: Իհարկե, մենք հասկանում ենք, որ սրանք լեգենդներ են: Բայց մենք ինֆորմացիա ունենք, որ նա ողջ չէ հիմա, որ ամիսներ առաջ մահացել է: Սա ճի՞շտ է:
– Չկա նման բան: Գիտեք, ես չեմ ուզում որեւէ բան մեկնաբանել: Հարմար չեմ գտնում, չեմ ուզում այս թեմայով խոսել: Ինչ ուզում են՝ թող խոսեն մարդիկ:
– Դուք նեղանո՞ւմ եք, որ փորձում ենք այս տհաճ լուրերը ճշտել Ձեզնից:
– Չէ, նեղանալը՝ չեմ նեղանում, բայց ինձ հաճելի չի այս ամենի մասին խոսել:
– Բայց եթե Վանո Սիրադեղյանը չկա, ժողովուրդը պետք է իմանա: Իրավունք ունի իմանալու: Ի վերջո, նա այս ժողովրդի գրողն է, քաղաքական գործիչն է:
– Չգիտեմ ինչ ասեմ: Եթե ինչ-որ կարեւոր բան կատարվի, որ մարդիկ պետք է իմանան, կհայտնենք:
«Հրապարակ»






Facebook
Tweet This
Email This Post
