Դպրոցների տարածքներում սահմանափակվելու է արտադրությունների կազմակերպումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 10, 2012 9:43
Պետական ոչ առեւտրային կազմակերպություններում կամ դրանց կից տարածքներն այսուհետ վարձակալության կտրվեն աճուրդային եղանակով: «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության օգոստոսի 9-ի նիստում:
Նիստից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշեց, որ նախկին որոշումը հնացել էր եւ առաջացրել նոր հիմնախնդիրներ:
«Մենք փորձելու ենք որոշակիորեն ուղղորդել վարձակալական վճարների գները, որպեսզի դրանք համապատասխանեն շուկայական արժեքին եւ եթե լինեն այլ ցանկացողներ, նրանք եւս հնարավորություն ունենան մասնակցելու այդ գործընթացին: Բացառելու ենք հատկապես դպրոցական տարածքներում տարածված արատավոր այն պրակտիկան, որն առնչվում է տարբեր տեսակի արտադրությունների կազմակերպմանը, որոնք կապ չունեն դպրոցական ծրագրերի հետ»,-ընդգծեց Մարկոսյանը:
Նրա խոսքով` հրուշակեղենի արտադրությունն, օրինակ, այլեւս չի կարող կազմակերպվել դպրոցների տարածքներում:
Ուժեղացվում է հսկողությունը նաեւ տարածքների վարձակալության նկատմամբ: «Եթե նախկինում ՊՈԱԿ-ի տնօրենն էր դա որոշում, այժմ անպայման պետք է լինի համապատասխան կառավարման վերակարգ մարմնի համաձայնությունը: Մեկ այլ խնդիր էլ պայմանավորված է սահմանված վարձակալության ժամավճարով` մեկնարկային գնի հաշարկով: Շատ ՊՈԱԿ-ներում տարածքներն օգտագործման են տրվում ժամերով, սակայն վարձակալական ժամը թե ինչ սկզբունքով է ձեւավորվում, հայտնի չէ»,-նշեց Մարկոսյանը:
2012թ-ին տարեկան կտրվածքով ծրագրված է պետական ոչ առեւտրային կազմակերպություններում կամ դրանց կից տարածքների վարձակալության դիմաց հավաքագրել շուրջ 240 միլիոն դրամ:






Facebook
Tweet This
Email This Post
