Ադրբեջանում օձերը «գրավել» են 17 անձից բաղկացած ընտանիքի տունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 10, 2012 9:35

Ադրբեջանի Աղջաբեդիի շրջանի Բոյաթ գյուղի բնակիչ Մահամեդ Ասլանովի 17 անձից բաղկացած ընտանիքը հայտնվել է վտանգի առաջ: Արդեն երեք տարի է` նրա տունը վերածվել է օձերի որջի: Օձերի հետ պայքարում հաջողություն չունեցող կառույցները որոշել են տեղափոխել ընտանիքը: Բոյաթ գյուղի բնակիչներն այժմ սպասում են, թե օձերի հետ կապված ինչ բացատրությամբ հանդես կգա Ադրբեջանի կենդանաբանության ինստիտուտը:

Ասլանովը gafgazinfo.az լրատվական կայքին հայտնել է, որ օձերն իր տանը հայտնվել են երեք տարի առաջ: Նա պատմել է, որ միայն անցյալ տարի իր տանը 47 օձ է սպանել: Ադրբեջանի հիգիենայի եւ վարակաբանության կենտրոնն օձերի դեմ մինչ այժմ բազմիցս տարբեր դեղամիջոցներ է օգտագործել, սակայն ապարդյուն:
«Սողունները երկու օր առաջ արդեն կրկին հայտնվել են ձագերի հետ: Նրանց 20-25 սմ երկարությամբ ձագերը խիստ ագրեսիվ են եւ հաճախակի հարձակվում են երեխաներիս վրա», -բողոքել է նա: Աղջաբեդիի գործադիր իշխանությունը նոր տուն կառուցելու համար հող է հատկացրել Ասլանովի ընտանիքին: Մասնագետները դեռեւս չեն կարողանում պարզել, թե ինչպես են օձերը հայտնվել Ասլանովի տանը եւ չգիտեն ինչ անել` նրանց այնտեղից քշելու համար:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում միայն Բաքվում օձի խայթոցի 37 եւ կարիճի խայթոցի 38 դեպք է գրանցվել, որի հետեւանքով 66 մարդ հայտնվել է հիվանդանոցում:

«Արմենպրես»

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply