«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ կբավարարի հանրապետության կալյումական և ազոտական պարարտանյութերի պահանջարկը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 9, 2012 22:10

Կառավարության այսօրվա նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը ներկայացրել է տեղական պարարտանյութերի արտադրության կազմակերպման գործընթացը և նախատեսվող արդյունքները: Փոխնախարարը նշել է, որ հանրապետությունում վերջին 20 տարիներին քիմիական պարարտանյութեր չեն օգտագործվել: Ըստ Գ.Բաղիյանի, «Վանաձոր- Քիմպրոմ» ՓԲԸ-ն սեպտեմբերից կարտադրի ազոտական և կալյումական պարարտանյութեր: Այդ հարցում ընկերությանը կաջակցեն գյուղնախարարությունը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը: Մասնավորապես՝ կօժանդակեն արտադրության կազմակերպմանը, կորոշվի վճարունակ-պահանջարկն ամբողջ հանրապետությունում, արտադրանքը կենթարկվի լաբորատոր փորձաքննության:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ հանրապետությունում պարարտանյութերի նկատմամբ վճարունակ-պահանջարկն այսօրվա դրությամբ կազմում է 33-35 հազար տոննա, «Վանաձոր-Քիմպրոմը» ընթացիկ տարում կարող է արտադրել 15 հազար տոննա, այնուհետև՝ 35-40 հազար տոննա: «Այսինքն՝ հանրապետության պահանջարկը կալյումական և ազոտական պարարտանյութերի նկատմամբ մենք կարող ենք բավարարել: Տեղական արտադրության պարարտանյութերը կլինեն ավելի որակլյալ ու մատչելի»-նշել է Գ.Բաղիյանը:
Պարոն Բաղիյանը հիշեցրել է, որ հուլիսի 3-ին գյուղնախարար Սերգո Կարապետյանը և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է աջակցություն «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերությանը՝ քիմիական պարարտանյութերի արտադրությունը վերսկսելու գործում:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply