Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Ավան վարչական շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 9, 2012 22:01


Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները:
Ավան վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակ-պուրակներ: Ավան Առինջ թաղամասի երկրորդ միկրոշրջանի բակը ևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը:
Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով էին կահավորվել նաև Քուչակ և Չարենց թաղամասերի բակային տարածքները: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել ճեմուղիները, ինչպես նաև իրականացվել կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքներ:
Դեռ ապրիլյան շրջայցի շրջանակում քաղաքապետը հետևել էր նաև այս բակերի բարեկարգման աշխատանքների ընթացքին ու դեռ այն ժամանակ խոստացել էր բնակիչներին անձամբ մասնակցել բակերի հանդիսավոր բացմանը:
Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին բակերի բարեկարգման համար` ընդգծելով, որ բակերի, պուրակների ու այգիների բարեկարգումն իրապես շատ կարևոր է: Քաղաքապետն էլ իր հերթին շնորհավորելով բնակիչներին կոչ է արել մասնակից դառնալ մայրաքաղաքի բարեկարգմանն ու գեղեցկացմանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնություններին և խնամքով վերաբերել, պահպանել այն ամենը, ինչն արվում է սիրով ու ստեղծվում է բնակիչների հարմարավետությունն ապահովելու համար:
Քաղաքապետը շրջել է բակերում ու բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքները. <<Երևան քաղաքի զարգացման այս տարվա ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների կեսն արդեն արված է, մյուս կեսն էլ ընթացքի մեջ է: Անշուշտ, անելիքներ դեռ շատ կան, բայց արդեն իսկ տեսանելի են կատարված աշխատանքի արդյունքները: Մենք դեռ տարեսկզբին խոստացել էինք, որ բակերի համալիր բարեկարգման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ կիրականացնենք ու այսօր բոլորն են համոզվում, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում հետզհետե ավելանում է բարեկարգ բակերի թիվը: Այս ուղղությամբ տարեկան ծրագիրը դեռևս չի ավարտվել և մինչև տարեվերջ դեռ մի քանի տասնյակ բակեր ևս կբարեկարգենք ու կհանձնենք մեր բնակիչների տնօրինմանը: Եվ ընդհանրապես, այս ծրագիրը կլինի շարունակական ու մի քանի տարվա ընթացքում Երևանի բոլոր բակերը կլինեն բարեկարգ և հարմարավետ:>>,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Բրյուսով թաղամասի նորաբաց բակի տեղում նախկինում ամբողջությամբ ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներ են եղել: Նախկին անխնամ տարածքի փոխարեն այսօր վառ գույներով ձևավորված բակ է այստեղ, լի խաղացող բազմաթիվ փոքրիկներով, ինչն իր հերթին արդեն իսկ վկայում էր, որ կառուցված նոր խաղահրապարկն այլևս սիրված ու հանգստի հարմարավետ գոտի է դարձել:
Քաղաքապետի հետ անմիջական շփումների ընթացքում բնակիչները Տարոն Մարգարյանին ներկայացրել են նաև իրենց հուզող խնդիրները: Քաղաքապետը տեղում վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է առավել հետևողական լինել բնակիչների կողմից բարձրացվող հարցերին հնարավորին շուտ լուծումներ տալու հարցում. <<Բոլոր վարչական շրջաններում էլ յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարները կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն, ինչը կարևոր և առաջնահերթ անհրաժեշտություն է բնակչի հոգսերին անձամբ տեղեկացված լինելու և դրանց հնարավորության սահմաններում անմիջապես լուծումներ տալու համար: Այս նպատակով նաև քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուներն են սահմանված ժամանակացույցով հանդիպումներ ունենում քաղաքացիների հետ: Երևանի քաղաքապետի վարչական շրջաններ կատարած պարբերական շրջայցերը ևս մեկ լրացուցիչ հնարավորություն են անձամբ շփվելու և անմիջական մթնոլորտում տեղեկանալու մեր բնակիչներին հուզող խնդիրներին և հնարավորության ու լիազորությունների շրջանակում դրանց հենց տեղում լուծումներ տալու առումով:>>,-նշել է քաղաքապետը:
Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել է նաև Երևանի թիվ 54 նախադպրոցական ուսումնական հաստատություն: Քաղաքապետարանի ծրագրով այստեղ հիմնովին փոխվում էին լուսամուտները, կատարվում ներքին հարդարման աշխատանքներ: Օգտվելով առիթից, երեխաների ծնողներն իրենց շնորհակալությունն ու գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին` ՆՈՒՀ-երին ցուցաբերվող մշտական ուշադրության համար: Քաղաքապետն իր հերթին վստահեցրել է, որ ուսումնական հաստատությունների, այդ թվում նաև նախադպրոցական հաստատությունների նորոգման և հիմնանորոգման հարցը եղել և մնում է քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից մեկը. <<Այս տարի ևս Երևան քաղաքի բյուջեով նախատեսել և իրականացնում ենք մանկապարտեզների հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքներ: Գործընթացն իրականացվում է բոլոր 12 վարչական շրջաններում: Այս աշխատանքները ևս լինելու են շարունակական: Մենք 2011թ-ին ավարտեցինք մանկապարտեզների ջեռուցման համակարգով ապահովման աշխատանքները և առաջիկա մի քանի տարիների ընթացքում ամբողջությամբ կլուծենք նաև մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզների վերանորոգման խնդիրը>>,- նշել է քաղաքապետը:
Աշխատանքային շրջայցի շրջանակում վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել նաև մի շարք բակային տարածքներում դեռևս ընթացող պուրակների բարեկարգման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply