Համաճարակ, մահեր, իսկ իշխանությունը լռում է

ԷՍՍԵ | | December 11, 2009 0:19

«Շատ տխուր եմ»,-երեկոյան զանգել ա մամաս ինձ Ծաղկաձոր: Ի՞նչ ա էղել: «Աշոտ Եսայանի աղջիկը ծանր վիճակում է, գրիպ է հիվանդացել, բարդացել թոքաբորբ է ստացել ու խփել է երիկամներին, հիմա դիալեզ են միացրել: Շատ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած է»:

Էսօր առավոտ էկա Երևան ու զանգում եմ մամայիս: Աշոտի աղջիկը մահացավ: Ոնց թե՞: Ինչ ահավոր ա:

Աշոտն ու Անահիտը զույգ աղջիկներ էին որդեգրել: Հիշում եմ նորածին աղջիկների կնունքը: Մի աղջիկը փոքր` 3 տարեկան մահացավ: Թաղումը` փոքրիկ դագաղի մեջ փոքրիկ աղջիկը: Իսկ հիմա մյուս դուստրը, Մանեն` 19 տարեկան, գերազանց սովորում էր համալսարանի իրավաբանակն ֆակուլտետում:

Անահիտը քրոջս մտերիմ ընկերուհին ա: Զանգում եմ քրոջս, խոսելը չի գալիս, երեկ, երբ Մանեն դիալեզի տակ էր, Աշոտը ասում էր` մենակ էս վիճակից դուրս գա, ամեն ինչ կանեմ, երկիամների պատվաստման կտանեմ:

Մանեն Էրեբունունի հիվանդանոցում էր, ասում է, էնտեղից տեղափոխել են Նաիրի բժշկական կենտրոն, էնտեղ մահացել է:

Բայց մեր «Անկախի» Աննա Մուրադյանը զանգել էր Էրեբունի, ասել էին, թե իրենց մոտ է մահացել: Քույրս ասում է, որ խոզի գրիպ չի, ինչ որ այլ գրիպ ա: Անահիտը ասել է, որ երբ Մանեն պառկած էր Էրեբունիում ութ հոգի թոքաբորբից մահացել են (ես գիտեի` 7), մեծ մասը երիտասարդ տղաներ, մեկը թե երկուսը կին: Հիմնականում հիվանդութունը խփել է գլխին, մինինգիտ են ստացել ու ընկել կոմայի մեջ, Մանեինը խփել է երիկամներին:

Իմ տվյալներով 8-րդ մահը Էրեբունի հիվանդանոցում, 8 հոգի որ գրիպից թոքերի բորբոքում են ստացել ու մահացել: Իսկ մի ընկերս վերջին հինգ օրերի ընթացքում անընդհատ զանգում ասում է, որ էլի մեկը թոքաբորբից մեռավ Սևանում: Հինգ հոգի Սևանում մահացել է թոքաբորբից` երեք կին, երկու տղա: մեյլ եմ գրում մի քանի թերթերի, որ գրիպից մարդիկ են մեռնում, իսկ իշխանություները լռում են: Բոլորը դիմում են պաշտոնյաներին ու պաշտոնական տվյալներ տպում: 49 թե 59 խոզի գրիպ, մի մահ, կամ հետո երեք մահ, հետո թե չի հաստատվել, որ խոզի գրիպից են: Քյասար իշխանությունները թաքցնում են: «Անկախն» էլ ֆինասական պատճառներով համարյա չի գործում, այսինքն թաքուբիր նյութեր դնում ենք մինչև կրկին սկսենք աշխատել, բայց որ տեսնում եմ ոչ մի թերթ նորմալ բան չի հաղորդում, ես ու Աննա Մուրադյանը գրիպի թեմայով պատրաստում ենք լուրեր ու առաջինը դրեցինք էրկու օր առաջ(տես), էսօր էլ սա դրեցինք:

Մի ընկեր էլ զանգեց-ասեց, թե իր բժիշկ ծանոթը ասել է, որ արդեն թոքաբորբից 38 հոգի է մահացել: Ասում են թաքցնողը առողջապահության նախարար Քուշկյանն է, որտև Էրեբունի հիվանդանոցն իրանն ա ու չի ուզում հիվանդաանոցի վարկը ընկնի:

Բայց մենակ Էրեբունիում չի: Զանգում է բժիշկ բարեկամս, ասում որ երեք հոգի էլ հանրապետականում են մահացել: Երկու հոգի էլ Նորքի զանգվածի հիվանդանոցում, մեկն էլ էստեղ ծանր վիճակում է: Մի 27 տարեկան տղա էլ Ծերեթելիի վրայի մանական հիվանդանոցում: Խի՞ մանկականում: Որովհետև մյուսներում տեղ չկա, էդտեղ են ընդունել: Բոլորը թոքերի բորբոքումից: Իմ տվյալներով արդեն 14 հոգի մահացել է: Չէ, սպասի, զանգում են, քույրս է, ասում է որ երեք հոգի նույն թոքաբորբից Ղափանում է մահացել: «Անկախում» մեկնաբանության տակ մի ընթերցող էլ գրել է, թե Ջերմուկում է մի 31 տաարեկան տղամարդ մահացել: Ինչի՞ց: Խոզի գրի՞պ: Ասում են, որ ոչ մեկը խոզի գրիպ չի: Այսինքն մեկ այլ գրիպ ա: Բայց նաև կասկածողներ կան թե խոզի գրիպ ա: Բա՞ն են ասում, որ իմանաս խոզի գրիպ է թե այլ գրիպ, կամ գուցե էդ այլ գրիպն ավելի՞ վտանգավոր է: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը «Անկախին» պատասխանում է`«Հայասատնում գրանցված է 3 մահացության դեպք, որոնք արդյունք են ոչ թե H1N1 վիրուսի(խոզի գրիպ), այլ սեզոնային գրիպի և նախարարությունն այժմ ուշադրությամբ հետևում է միայն գրիպի հետևանքներով մահացության դեպքերի: Իսկ ուրիշ հիվանդությունների մասով հնարավոր է մահացություններ լինեն: Ամեն օր էլ Հայաստանի տարբեր հիվանդանոցներում մարդ կարող է մեռնել»: Ուրեմն մենակ գրիպին են հետևում, լավ ասենք երեքն են մեռել, ասենք խոզի գրիպից չեն, ուրիշ գրիպ է, ուրեմն նորմա՞լ է, պիտի մեռնե՞ն, եթե խոզի գրիպից լներ նո՞ր աննորմալ կլիներ, իսկ էդ նույն գրիպից լավացողներ կա՞ն, թե երեք հոգի են հիվանդացել երեքն էլ մեռել են:

Իսկ Էրեբունի հիվանդանոցի տնօրեն Արթուր Ռոստոմյանը «Անկախին» ասում է, թե ամեն տարի էլ էսքան մեռնում են. «Այս պահին ես թվեր չեմ կարող ասել, բայց նախորդ տարվա համեմատությամբ եթե նայենք վիճակագրությունը, մահացությունների թիվը նույնն է»: Թվեր չունեք, է ունենայիք, բա ինչի հաշվին եք ապրում, ունեցեք, ներկայացրեք, համեմատեք, եթե խուճապը մե՞ծ է` բացատրեք, որ խոզի գրիպի համաշխարհային տագնապի արդյունքն է, որ սեզոնային գրիպից մահերը էս տարի նկատվում են, խուճապ են առաջացնում: Որ չունեք թվեր ուրեմն կարելի է ենթադրել, որ տագնապալի է թոքաբորբից կայծակնային մահերը:

Կրթության նախարարը փակեց մենակ դպրոցներն ու մանկապարտեզները: Բա ԲՈՒՀ-երը՞: Նախարարը ասում է, թե ֆիզիոլոգիական խնդիրները հաշվի առնելով ԲՈՒՀ-երը չեն փակում: Այ քեզ բան, էստեղ նշած մահացածները հիմնականում երիտասարդներ են: Մենակ բժշկականի ռեկտոր Գոհար Քյալյանը որոշեց երկուշաբթի օրվանից փակել բժշկականը:

Իշխանությունը լռում ա, լռում ա, ինչպես Սովետի ժամանակ, իսկական սովետ, չեռնոբիլյան Սովետ: Էսօր ստիպված մի լուր տարածեց` նախորդ ամիս գրանցվել ա սուր շնչառական հիվանդությունների 31 461 դեպք, էնպե՜ս էլ թիվը չեն կլորացնում, որ հավատանք, թե մենակ հիվանդացել են, մահ չկա: tert.am-ը գրում է հենվելով պաշտոնական տվյալների վրա` «Այդ ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները, ինչն էլ դարձել է դպրոցների և մանկապարտեզների փակման պատճառ: Արա Ասոյանը ներկայացրել է որոշ տվյալներ. «Մեր հիվանդանոցում(սուր վարակիչ) այսօր ստացիոնար բուժում է ընդունում 59 քաղաքացի` գրիպանման տարբեր հիվանդություններից, և նրանց թվում` 26 երեխա: Խոզի գրիպի դեպք հաստատվել է նրանցից 15-ի մոտ»,- նշել է Հայաստանի գլխավոր վարակաբանը: Խոզի գրիպի հետևանքով, մասնագետների խոսքերով, Հայաստանում մահացության դեպքեր չկան»:

Հատուկ շեշտված է, որ խոզի գրիպից մահացություն չկա, որ հետո ասեն թե չեն խաբել, թե մահերը այլ գրիպից են: Իսկ ուրիշ գրիպի՞ց, ի՞նչ, եթե մահերը խոզի գրիպից չեն պիտի չասե՞լ: Ու իշխանության կոմպրոմիսը ճշմարտության նկատմամբ` սուր շնչառական հիվանդությամբ վարակվածների մեծ թիվ` մահվան թվերն հաղորդելու փոխարեն. ու ոչ մի քայլ, ոչ մի զգուշացում, թե ինչ անեն մարդիկ, որ կանխերգելվի համաճարակը:

Ո՞նց զգուշացնեն, ո՞նց զգուշացնեն, թե խուսափեք մարդաշատ տեղեր գնալուց, որ զգուշացնեն բա ո՞նց նշեն մատենադարանի հոբելյանը, բա նախագահը Լատվիայի նախագահին մարդաշատ դահլիճում` ֆիլհարմոնիայում չներկայացնի՞ թե ինչ հարուստ մշակույթ ունի հայ ժողովուրդը: Բա որ զգուշացնեն խուճապ լինի՞ ու մարդիկ Նոր տարվա դեմը առևտրի դուս չգա՞ն, որ դուս չգան մեծ ու փոքր օլիգարխները բա ո՞նց պլանավորած միլիոնները պիտի աշխատեն: Այսինքն ի՞նչ, նա ով պիտի զգուշացնի և նա ով պիտի զգուշացումից տուժի նույն տե՞ղն է: Այո` իշխանությունն է:

Դիտվել է 4564 անգամ:
Print Friendly

Leave a Reply