Սևանում 5 մարդ է մահացել թոքաբորբից. խոզի գրի՞պ թե՞այլ վիրուս

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | December 8, 2009 10:30

«Անկախի» աղբյուրներով վերջին տասը օրերի ընթացքում 5 մարդ մահացել է վիրուսային թոքաբորբից: Նրանք Սևան քաղաքից են. 2 տղամարդ և 3 կին, ընդ որում մեկը հղի է եղել:

«Նրանցից առնվազն 3-ը տեղափոխվել են Երևան, որտեղ էլ մահացել են,- ասում է «Անկախի»-ի աղբյուրը, որը բժիշկ է,- ու հիմի Սևանում խոսակցություն է տարածվել, որ քաղաքում համաճարակ ա»:

Առողջպահության նախարարի տեղակալ Շուշան Հունանյանն «Անկախին» ասաց, որ նախարարությունն այդպիսի տվյալներ չունի:

«Հայասատնում գրանցված է 3 մահացության դեպք, որոնք արդյունք են ոչ թե H1N1 վիրուսի(խոզի գրիպ), այլ սեզոնային գրիպի,- ասաց Հունանյանը,- և նախարարությունն այժմ ուշադրությամբ հետևում է միայն գրիպի հետևանքներով մահացության դեպքերի: Իսկ ուրիշ հիվանդությունների մասով հնարավոր է մահացություններ լինեն: Ամեն օր էլ Հայաստանի տարբեր հիվանդանոցներում մարդ կարող է մեռնել»:

byurie.livejournal.com բլոգերը իր «Մահեր վիրուսային թոքաբորբից. ինչու՞ են թաքցնում» գրառման մեջ գրում է. «Երևանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում արդեն յոթ հոգի մահացել է վիրուսային թոքաբորբից: Ասում են՝ պատճառը A տիպի գրիպի վիրուսն է: Ասում են, բայց չեն փորձում ստուգել, թե կոնկրետ որ շտամն է: Ասում են ու պարտադրում, որ դա դուրս չգա հիվանդանոցի սահմաններից: Ասում են, որ ոչ ոք չպիտի իմանա, որ մեզ մոտ մահ կա: Իսկ մեռնողների մեջ երիտասարդներ կան, որոնք ընդամենը մի շաբաթ առաջ ողջ-առողջ ապրում էին՝ մտքների ծայրով չանցկացնելով, որ իրենց ընդամենը յոթ օր է մնացել…»:

Խոսակցություններ են տարածվել, որ Երևանի հիվանդանոցներում շատացել են շնչուղիների սուր վիրուսային ախտանշաններ ունեցող այն հիվանդները, որոնց մոտ նախապես կամ հետագայում ախտորոշվել է թոքաբորբ։

Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը անցյալ շաբաթ ասաց, որ Հայաստանում սեզոնային գրիպի տարածումը կանխելու նպատակով պետք է փակել դպրոցներն ու մանկապարտեզները:

Ժողովրդի մեջ խուճապային տրամադրությունների առաջացման հետևանքով ինֆեկցիոն հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում հերթեր են գոյանում:

Դեղատներում բարձրացել է դեղերի գինը, իսկ շուկայում`սխտորի գինը: Այն 700-ից դարձել է 1500 դրամ:

Դիտվել է 3472 անգամ:
Print Friendly

Leave a Reply