ԱԺ-ի անպատասխան պատասխանը. համարանիշները չվերադարձրած պատգամավորների անունները չհրապարակվեցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 7, 2012 11:10

այաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմը համառորեն չի ցանկանում հրապարակել այն պատգամավորների անունները, ովքեր համարանիշները չեն վերադարձրել:

Նշենք, որ պատգամավորը իր անվամբ գրանցված ավտոմեքենայի համար հատուկ համարանիշ ստանալու իրավունք ունի: Համարանիշը պատգամավորն անձամբ ստանում է ԱԺ աշխատակազմից` պայմանագրի հիման վրա, ու այնուհետ գրանցում ոստիկանությունում: Պատգամավորական լիազորությունները վայր դնելու պարագայում նա պարտավոր է ետ վերադարձնել համարանիշը ԱԺ աշխատակազմին, սակայն մոտ երկու տասնյակ նախկին ու ներկա պատգամավորներ հրաժարվում են հետ վերադարձնել իրենց «գոլդ համարանիշները», իսկ Ազգային Ժողովի ղեկավարությունը կամ չի կարողանում, կամ էլ (ինչն ավելի հավանական է) չի ուզում ստիպողաբար ետ վերադարձնել համարանիշները:

Ակներեւ է, որ Ազգային Ժողովի ղեկավարությունը պետք է տեղյակ լինի համարանիշները ետ չվերադարձրած պատգամավորների մասին` անուն առ անուն:  Սակայն NEWS.am-ի գրավոր հարցմանը ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ըստ էության մերժողական պատասխան ուղարկեց` «բանից բեխաբար ենք» ոգով:

ԱԺ ենք ուղարկել հետեւյալ հարցերը.

«1.Չորրորդ գումարման ԱԺ-ի քանի՞ պատգամավոր չի վերադարձրել պետհամարանիշները:

2.Ովքե՞ր են այդ պատգամավորները (խնդրում եմ նշեք անվանապես): Պատգամավորների անուն, ազգանունները չնշելու դեպքում խնդրում եմ հղում արեք համապատասխան օրենքի կետին:

3.Ինչպե՞ս են այդ պատգամավորները պատճառաբանում համարանիշները չվերադարձնելը եւ ե՞րբ են պատրաստվում դա անել:

4.Եթե լինեն պատգամավորներ, ովքեր, այնուամենայնիվ, չվերադարձնեն պետհամարանիշները, ապա ի՞նչ եք պատրաստվում անել»:

Այս հարցադրումներին ի պատասխան Ազգային Ժողովից ստացանք հետեւյալ պատասխանը.

«Ներկայումս ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմն աշխատանքային կարգով դիմել է ՀՀ ԿԱ Ոստիկանության ճանապարհային ոստիկանություն, որպեսզի վերջինս օրենքով սահմանված կարգով եւ իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկի 4-րդ գումարման պատգամավորների կողմից չհանձնված պետհամարանիշերը վերադարձնելու ուղղությամբ, եթե այդպիսիք կան: Ինչ վերաբերում է մյուս հարցադրումներին, ապա նշենք, որ պետհամարանիշերի պետական հաշվառումը, պահպանումը եւ հատկացումն իրականացնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը»:

Այսինքն` չեն հերքում, որ համարանիշը չվերադարձրած պատգամավորներ կան, սակայն հրաժարվում են անուններ հրապարակել: Ավելի ճիշտ` ԱԺ աշխատակազմը անտեղյակ է ձեւանում, իսկ ՃՈ-ին էլ իբր «նավսյակի» են դիմել:

Սակայն ԱԺ-ի մեր «անտեղյակ» գործընկերներին հիշեցնենք, որ պատգամավորները համարանիշ ստանում են ոչ թե ոստիկանության, այլ ԱԺ աշխատակազմի հետ պայմանագիր կնքելուց հետո, որից հետո են համարանիշը գրանցում են ոստիկանությունում: Բացի այդ` ԱԺ-ում սկսվել է նոր պայմանագրերի կնքման փուլը, իսկ այդ դեպքում հարց է առաջանում` ինչպե՞ս կարող են նոր պայմանագրեր կնքվել, եթե նախկինների ճակատագիրը հայտնի չէ:

Հավանաբար Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում «թարսվել» «գոլդ» համարների սիրահար գործընկերների հետ եւ բացահայտել նրանց անունները:

 

NEWS.am

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply