«Ժամանակ». Ինչո՞ւ ԲՀԿ-ական Արմեն Այվազյանը հրաժարվեց Վանաձորի քաղաքապետ դառնալու մտադրությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 7, 2012 11:02

Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, Վանաձորի ավագանու անդամ, գործարար, Լոռու նախկին մարզպետ Ստյոպա Այվազյանի որդին` Արմեն Այվազյանը, ով ցանկություն էր հայտնել առաջադրելու իր թեկնածությունը Վանաձորում աշնանը կայանալիք քաղաքապետի ընտրություններում, հրաժարվել է իր մտադրությունից: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:

««Ժամանակի» հետ զրույցում Արմեն Այվազյանն իր անակնկալ որոշումը բացատրեց այսպես. «Ես իրոք մտադրություն ունեցել եմ թեկնածություն առաջադրելու, բայց էլ չեմ ուզում քաղաքապետ դառնալ մի պարզ պատճառով. իմ կուսակցությունն այդ պաշտոնում արդեն ուրիշ թեկնածու է առաջադրել, իսկ ես առանց ԲՀԿ հովանավորության` կուսակցությունից դուրս, չեմ առաջադրվի»:

Արմեն Այվազյանը չբացառեց նաեւ, որ տեսականորեն հնարավոր է` մինչ թեկնածուների վերջնական ցուցակի կազմումը իր կամ կուսակցության որոշումը փոխվի, քանի որ մինչեւ ընտրությունները դեռ ժամանակ կա:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել Վանաձորի համայնքապետի առաջիկա ընտրություններում սատարել ոչ թե Արմեն Այվազյանի, այլ Լոռու` օրերս հրաժարական տված փոխմարզպետ Էդիկ Կարախանյանի թեկնածությունը:

Այս պահին որպես Վանաձորի քաղաքապետի հավանական թեկնածուներ նշվում են գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի, փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանի, Լոռու արդեն նախկին փոխմարզպետ Էդիկ Կարախանյանի, «Օրանժ Արմենիա» ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Տարոն Ապրեսյանի, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբոր` Քրիստ Մարուքյանի անունները»,- գրում է «Ժամանակը»:

 

NEWS.am

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply