Երևանի ավտոկայանատեղերի հետ կապված խայտառակ իրավիճակ է. քաղաքապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 6, 2012 17:39

Երևանի քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում ավտոկայանման համար գանձվող գումարների մասով քաղաքացիների կողմից բարձրացվող դժգոհություններին, նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գույքագրում և ուսումնասիրում է ավտոկայանման համար տրամադրված բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև պարզելու, թե արդյո՞ք միայն տրամադրված տարածքում է իրականացվում տվյալ գործունեությունը:

«Այսօր մայրաքաղաքի, հատկապես, Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղերի հետ կապված խայտառակ իրավիճակ է: Ավտոմեքենան դեռ չկայանած գումար են պահանջում: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրության արդյունքները, շատ հաճախ անօրինական գումարներ են գանձվում մեր քաղաքացիներից»,– նրա խոսքերն է մեջբերվում քաղաքապետարանի տարածած մամուլի հաղորդագրությունում:

«Երկու-երեք օր է, ինչ համապատասխան աշխատանքային խումբը գույքագրման աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ և մոտ 80 տոկոսով պակասել է կենտրոնում գումար գանձողների թիվը: Մեր նպատակն այն է, որ մեր քաղաքացիները կարողանան հանգիստ կայանեն իրենց մեքենաներն ու մտնեն խանութ կամ սրճարան և, ընդհանրապես, ուր ցանկանան: Ոչ ոք իրավունք չունի որտեղ պատահի գումար գանձի ավտոկայանման համար»,- ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին այդ ուղղությամբ հետևողական աշխատանք տանել ու բացահայտել ապօրինի գումար գանձողներին և ճանապարհային ոստիկանության ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել դրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ընդհուպ ապօրինի գումարներ գանձելու համար քրեական պատասխանատվության ենթարկում:

Երևանի քաղաքապետը նաև տրանսպորտի վարչության պետին է հանձնարարել ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշակել ավտոկայանատեղիների համար սահմանված վայրերի քարտեզն ու, ըստ այդմ, կնքել նոր պայմանագրերը:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությանը և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժիններին քաղաքացիների կողմից ուղղված դիմում-բողոքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել և հստակ քայլեր ձեռնարկել դրանց ընթացք տալու ուղղությամբ. «Հատկապես, սոցիալապես անապահով մեր բնակիչների կողմից բարձրացվող որևէ հարց անպատասխան չպետք է մնա: Սա հստակ պահանջ է, որով պետք է առաջնորդվեն բոլոր սոցիալական ծառայությունները»,- ընդգծել է քաղաքապետը և հորդորել այս հարցում լինել խիստ և հետևողական:

Քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում է հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ ամենօրյա հսկողությունը: Բացի այդ, ընթացքի մեջ է նաև Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:

 Թերթ.am

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply